«ՀայՓոստը», ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ: Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանի աշակերտները:
ՀՀ համայնքներում մշակութային ժառանգության պահպանության, ճանաչելիության բարձրացման, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորման, ավանդույթների կենսունակության փոխանցման նպատակով ընտրվել են հետևյալ թեմաները՝
նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն).
ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն՝ երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեսեր և այլն).
իմ ընտանիքի ավանդույթը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթն իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից կընտրվի մեկական նամակ, իսկ երկրորդ փուլում վերջնարդյունքները կամփոփվեն հանձնաժողովի կողմից. նախատեսվում է ամփոփել նոյեմբերին: Մրցույթի հաղթողը կխրախուսվի հատուկ մրցանակով: