Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Աշխատանքային օրենսգրքում» և «Հանրային ծառայության մասին» օրենքում: Փոփոխություններն ընդունվելու դեպքում կդառնան այն իրավական հիմքերը, որոնցով գործատուն հնարավորություն կունենա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ և 14-օրյա պարբերականությամբ չի ներկայացնում ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը առաջարկվող իրավական փոփոխությունները թվարկելուց առաջ ընդգծում է՝ դրանք բխում են համաճարակային լարված իրավիճակից:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների համար առողջ ու անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն:
Ըստ առաջարկվող իրակակարգավորումների՝ եթե աշխատողը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, գործատուն նրան չի թույլատրում լինել աշխատավայրում և չի վճարում աշխատավարձ մինչև այդ փաստաթղթերը ներկայացնելը:
Երկարատև բացակայությունն էլ արդեն կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ:
Եթե աշխատողը պատվաստված լինելու կամ վարակված չլինելու մասին փաստաթուղթը չներկայացնելու պատճառով չի կատարում իր աշխատանքային պարտականությունները ավելի քան 30 օր անընդմեջ կամ ավելի քան 50 օր՝ 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:
Ռուբեն Սարգսյան - Այդ ժամանակահատվածը չի կուտակվելու ամենամյա արձակուրդին և չի համարվելու ստաժ:
Երկու նախագիծն էլ հրապարկված են e-draft կայքում և ուղարկվել են շահագրգիռ կազմակերպություններին՝ կարծիքի: Քննարկումների արդյունքում հնարավոր են լրամշակումներ: Առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում ընտրովի պաշտոններին:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը փաստում է՝ վարակի տարածումն անշեղորեն աճում է:
Վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ նախորդ 14 օրվա համեմատությամբ դեպքերի աճը գրեթե 50 տոկոսով է:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Ցավոք, ունենք մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում 1.5-1.7 անգամ դեպքերի աճ: Հիվանդացությունը բարձր է բոլոր մարզերում անխտիր, և հիվանդությունը երիտասարդացել է, և հիմնականում ավելի շատ թիրախավորված են 30-50 տարեկանները: Նաև ունենք երեխաներ, որոնք ունեն հոսպիտալացնման կարիք և այս պահին ստանում են բուժում:
Ռոմելլա Աբովյանը նշում է, որ Եվրամիության չափանիշներով Հայաստանը մոտենում է «վառվող» կարմիր գոտուն: Մեր երկիրը նախորդ երկու ամսվա ընթացքում եղել է կարմիր գոտում:
Ռոմելլա Աբովյան - Արդեն Եվրամիությունը փակել է սահմանները Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ մենք կարմիր գոտում ենք, և կարող է վառվող կարմիր գոտում հայտնվելիս ավելի խստացվի, նաև այլ երկրներ սահմանափակեն մուտքը Հայաստանի Հանրապետությունից:
Առողջապահության նախարարության մասնագետը ուշադրություն է հրավիրում, որ շատ դեպքերում բնակչությունը Քովիդ 19-ը շփոթում է սուր շնչառական այլ վարակների հետ: Բժշկի չեն դիմում և ստանում են ոչ նպատակային բուժում: Դրա հետևանքով բուժհաստատություն են ընդունվում արդեն ծանր առողջական վիճակում, ինչով և պայմանավորված են մահացության բարձր ցուցանիշները:
Աբովյանը հորդորում է անպայման դիմել պոլիկլինիկաներ ու ամբուլատորիաներ, եթե կա քթարտադրություն, կոկորդի ու գլխի ցավ, որպեսզի հնարավոր լինի ժամանակին կազմակերպել բուժումը և կանխել հիվանդության ծանր ընթացքը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան