2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել հիմնարկի միջանկյալ գոտու հարակից տարածքը: Զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 0,57 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:
Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, անձնական խուզարկության ենթարկելով դատապարտյալ Կ. Դ.-ին, վերջինիս մոտից հայտնաբերել են երկու փաթեթ` ընդհանուր 27,1 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով:
Արգելված իրերի փոխանցման փորձ է գրանցվել նաև այսօր՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Մ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի ականջակալ և 4 հատ լիցքավորման լար:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: