ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ
Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի կնքնման ուղղությամբ՝ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։ Այլ մանրամասներ նա չի հայտնել, բայց ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները մասնակցում են այդ գործընթացին:
«Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում, ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց այդպես չէ»,- նշել է դիվանագետը:
ԿԱՅԱՑԵԼ Է ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների ֆոնին տեղի է ունեցել երկու երկրի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանում ակնկալում են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցը կլուծվի։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրի մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։ Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Իրանի արտգործնախարարը նշել է՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով»,- հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունը։ Զրույցի ավարտին Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Թեհրան և Բաքու այցելելու հրավերներ են փոխանակել:
ԱՄՆ-Ը ԵՎ ՌԴ-Ն ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլ անցկացնել՝ փորձելու լուծել դեսպանատների գործունեության և դրանց աշխատակիցների թվի շուրջ երկու երկրի միջև առկա տարաձայնությունները: Հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նա վկայակոչել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի՝ երեկ կայացած բանակցությունների արդյունքները։ Պետքարտուղարությունը հանդիպումն օգտակար է որակել: Նուլանդի Մոսկվա այցն ու հանդիպումները կառուցողական և արդյունավետ է որակել նաև Սպիտակ տան խոսնակը:
ԿԱՆԱԴԱՆ 40 ՀԱԶԱՐ ԱՖՂԱՆՍՏԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ
Կանադան պատրաստվում է ընդունել մեծ թվով աֆղանստանցի փախստականների: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Կանադան 40 հազար փախստական կընդունի, և մենք կոչ ենք անում մյուս երկրներին՝ նույնպես ակտիվացնել իրենց աջակցությունը փախստականների անվտանգ տեղափոխման համար»,- նշել է Թրյուդոն:
ՖԲ - Ֆրանսիան ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ աշխատում է ԼՂ վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի կնքման ուղղությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան: Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: ԱՄՆ-ը և Ռուսաստանը կբանակցեն դեսպանատների աշխատանքի վերաբերյալ: Կանադան 40 հազար աֆղանստանցի փախստական կընդունի: