Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը, և Ձեր այցն այս ուղղությամբ լավ հնարավորություն է: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն:
Դատախազ Մոնթազերին նաև Իրանի նախագահի ողջուններն է փոխանցել վարչապետ Փաշինյանին:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի, ԻԻՀ գլխավոր դատախազ - 2-3 օր առաջ հանդիպել եմ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր հասցեին ու ընդգծեց՝ ձեր հանդիպումը շատ լավ և արդյունավետ է անցել:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի խոսքով՝ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում գործակցության զարգացումն ու ընդլայնումը: Երկու երկրի բազմադարյա, բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանային մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ:
Իրանի գլխավոր դատախազը վերահաստատել է վերջին շրջանում հարևան երկրում հաճախ հնչող դիրքորոշումը՝ հարևանների հետ հարաբերություններում Թեհրանն առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ և երբեք թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով ահաբեկիչներ ու պատերազմ հրահրող ուժեր տեղակայվեն:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի պատվիրակությանն ընդունել է նաև Հայաստանի ԱԺ նախագահը: Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եև ներուժն ակնհայտ են, և դրա վառ օրինակն է Հայաստանի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ, Երևանում Իրանի գլխավոր դատախազը հանդիպել էր Հայաստանի պաշտոնակցի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ գլխավոր դատախազներն անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմին վերաբերող մի շարք հարցերի:
Արթուր Դավթյան, ՀՀ գլխավոր դատախազ - Նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ու վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում՝ տարածաշրջանում, այդ թվում՝ մարդու իրավուքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումներն արագ գտնելու անհրաժեշտություն ունեն:
Իրանի գլխավոր դատախազն էլ շեշտում է՝ վերջին դեպքերը տարածաշրջանում Հայաստանին և Իրանին ստիպում են, որ երկկողմ շփումներն ավելի զարգանան։ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի խոսքով՝ թե՛ Թեհրանը, թե՛ Երևանը հաստատել են՝ ահաբեկիչները, որ նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի - Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, ընկալեն Իրանի այս դիրքորոշումը: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչև այդ հարևան երկրներն իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը:
Հատկանշական է, որ սա վերջին 8 տարվա ընթացքում Իրանի գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան: