«Համաճարակային իրավիճակը բավականին լարված է. ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունը փաստում է, որ նախորդ 14 օրվա համեմատ ունենք դեպքերի շուրջ 50 տոկոս աճ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով՝ դեպքերի աճ գրանցվել է անգամ մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում՝ 1.5-1.7 անգամ: Ըստ Աբովյանի՝ հիվանդությունը երիտասարդացել է ու թիրախավորում է 30-50 տարեկան անձանց: Նաև կան դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք:
«Ըստ Եվրամիության չափանիշների՝ մենք արդեն մոտենում ենք «վառվող» կարմիր գոտուն, այսինքն՝ կարմիր գոտուց մոտենում ենք «վառվող» կարմիր գոտի: Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնի 500-ի, և թեստերի դրական մասնաբաժինը եթե լինի 12 տոկոս, կհայտնվենք «վառվող» կարմիր գոտում»,- ահազանգեց Ռոմելլա Աբովյանը: