Եզդիաբնակ Ֆերիկում տարազով կին չես գտնի: Ազգային հագուստը պահում են հատուկ օրերի համար: Պարտադրանք էլ չկա, ինչպես նախկինում: Եզդի կանայք հիմա ավելի ինքնուրույն են:
Ասյա Քոչոյան (Ֆերիկ համայնքի բնակիչ) - Առաջ ստիպում էին՝ գլխաշոր կապեք, տարազ հագեք, հիմա նման բան չկա:
Հասան Խուդոյան (Փիր) - Ասենք-չասենք՝ հագնում են: Կարծրատիպը երիտասարդ եզդիներն են կոտրել: Նաև թատրոն են հիմնել. բեմ են բարձրանում ոչ միայն իրենք, այլև տարեց եզդիները: Դերասաններից երկուսը՝ Զոհրաբն ու Մաջիթը, նաև տեղական ինքնակառավարման ոլորտում են փորձում հաստատվել:
Մի քանի օրից եզդիաբնակ գյուղը ավագանի է ընտրելու: Առաջադրվել են նաև դերասան ընկերները: Եթե ընտրվեն՝ գիտեն՝ ինչից են սկսելու:
Զոհրաբ Շաղոև (ավագանու անդամի թեկնածու) - Նախակրթարան ենք բացելու, խաղահրապարակ, որ երեխաները զբաղմունք ունենան: Գյուղից երեխաներ կլինեն, կտանենք՝ կզբաղվեն:
Քարոզարշավ չեն անում: Ասում են՝ դրա կարիքը չկա: 54 տնտեսություն ունեցող համայնքում բոլորը մի ընտանիքի պես են, գիտեն՝ ում ինչի համար քվե տալ:
Մաջիթ Շամոյան (ավագանու անդամի թեկնածու) - Սաղ մեր ընկերներն են, հարևաննները, տենց բան չկա, որ քարոզարշավ անենք:
Բայց ֆերիկցին պահանջներ ունի և բազմաթիվ խնդիրներ, որոնք անցյալից են ժառանգել: Ո՛չ մանկապարտեզ ունեն, ո՛չ այգի, ոչ էլ մշակույթի կենտրոն: Կենտրոնի երբեմնի շենքում նաև գյուղապետարանն էր: Բայց քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային է, գյուղապետարանը տեղափոխվել է համագյուղացիներից մեկի առանձնատան առաջին հարկ:
Ցանկություն կա 2-րդ հարկն էլ ակումբի վերածել և երեխաներին երգ ու պար սովորեցնել: Բայց տան սեփականատիրոջ թույլտվությունն է պետք: Նա էլ արտերկրում է ապրում: Ֆերիկում նույնիսկ խանութ չկա: Առևտրի համար գյուղացիներն այլ համայնքներ են գնում:
Ըստ ավագանու թեկնածուների՝ ճանապարհն ու ոռոգման ջուրն են առաջնային, բայց դրանք էլ մեծ փողերի հետ են կապված: Իսկ Ֆերիկի բյուջեն ընդամենը 9 մլն դրամ է: Ոռոգման կիսախողովակաշար կառուցելու սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել: 10 տոկոս մասնակցություն է պետք: Դա էլ չունեն:
Ռուստամ Հասանյան (Ֆերիկ համայնքի ղեկավար) - 10 հազար դոլարանոց ծրագիր, 10 հազարը մենք պետք է ներդնենք, բայց չունենք, ունենք 4 հազար:
Համայնքների խոշորացման ծրագրում Ֆերիկը ներառված չէ: Ավագանու թեկնածուները հույս ունեն՝որպես ազգային փոքրամասնություն, արժանանալ կառավարության ընդգծված վերաբերմունքին: Ձգտելու են, որ եզդիաբնակ գյուղը դուրս չմնա պետական ծրագրերից: