Հայ դատապարտյալները այսօր մասնակցել են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում է 31 երկրի 43 թիմ:
Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների չորս դատապարտյալ։ Առաջնության բացման արարողությանը մասնակցել է նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց վերադարձը՝ դեպի հասարակություն, իրագործել շախմատի միջոցով։
Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Պետք է կարողանանք գտնել դատապարտված, ազատազրկված անձանց համար հնարավորություններ՝ կապը վերականգնելու հասարակության հետ, իսկ շախմատը կապում է աշխարհի բոլոր մարդկանց, այն սպորտ է, արվեստ է, շախմատը նաև մեր Հայաստանի հպարտությունն է, և այս առաջնությունում մեր հաղթանակը, թեկուզ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլինի մեր թիմի, մեր պետության համար:
Սմբատ Լպուտյան (Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր) - Հայաստանը միշտ եղել է շախմատային երկիր և միշտ եղել է առաջիններից, հուսով եմ, որ մեր դատապարտյալները նույնպես իրենց խաղով ու արդյունքով մեզ կուրախացնեն, և վաղը մենք հնարավարություն կունենանք խաղալ եզրափակիչ փուլ: