Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացրել են Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ:
Հոկտեմբերի 8-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման են ենթարկել մայրաքաղաքի Շերամի փողոցի և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներ, 27 և 32 տարեկան երկու տղամարդկանց:
Սասունիկ գյուղի բնակչի մոտ հայտնաբերվել է 4,36 գրամ, իսկ երևանցու մոտ` 26,8 գրամ դեղնականաչավուն զանգված: Ըստ նրանց` հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոցն իրենցն է և իրենց օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: