Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Էջմիածնում ներկա է եղել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված, «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանը արժանացած Սամվել Ղազարյանի և նրա հարազատ եղբոր՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճան»-ի ասպետ Նարեկի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը:
«Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք մեր շարունակականության, մեր հավատքի ու հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի համար, և այս պատերազմը դրա շարունակությունն էր:
Բազմիցս նշել եմ, որ այն մեր հերթական Ավարայրն էր. կորցրինք մեր մարտական հաջողությունը, պատերազմը մեզ համար ոչ ընդունելի ավարտ ունեցավ, բայց գոյատևելու, պայքարը շարունակելու, երկիր կառուցելու, քրիստոնյա հայ մնալու իրավունքն է՛լ ավելի ամուր բռնեցինք Սամվելի, Նարեկի, մեր հազարավոր տղաների շնորհիվ:
Փա՛ռք հերոսներին...»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը: