2021 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ նրանց մոտ եղած գումարը և հեռախոսները, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ բուժքույրերից մեկը, բժիշկ կանչելու պատրվակով, ահազանգել է ոստիկանություն, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ վնասազերծել են առերևույթ հանցագործություն կատարած անձին, վերցրել դանակը և բերման ենթարկել նրան:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են բժշկական կենտրոնում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և դեպքի պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բուժքույրերը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Արթիկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: