Առաջիկա երկու ամսվա ընթացքում Վրաստանում ավելի քան 2000 քաղաքացու մահ է սպառնում կորոնավիրուսից: Հայտարարությունն արել է վրաց ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը՝ արձագանքելով վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին՝ գրում է Aliq.ge-ն:
«Քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված է, որ իմունիտետ պետք է ձեռք բերեն պատվաստման միջոցով, իսկ մեր հասարակությունը հակված է իմունիտետ ձեռք բերել բնական ճանապարհով»,- նման գնահատական է տվել իմունոլոգը:
Ըստ Կուլումբեգովի՝ առաջին տարբերակը՝ պատվաստվելով իմունիտետի ձեռքբերումն ընտրելու դեպքում, կփրկվի մոտ 1800 մարդու կյանք: Մասնագետի հավաստմամբ՝ պատվաստումն առնվազն 10 անգամ նվազեցնում է վարակման դեպքում մահվան ելքը:
Բիձինա Կուլումբեգովը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս անել ճիշտ ընտրություն:
Նշենք, որ վերջին երկու օրվա տվյալների համաձայն` Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը կտրուկ աճել են: Այսօրվա տվյալներով` երկրում գրանցվել է վարակման 4 837 նոր դեպք, վարակից մահացել է 26 մարդ, ընդհանուր՝ 9 306։