ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին և գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը: Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում և մասնավորապես Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները: ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: