Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկել առևտրի կենտրոնները, բանկերն ու դեղատները: Մալաթիա-Սեբաստիայում մասնագետներն այսօր միայն նախազգուշացումով սահմանափակվեցին, քանի որ տնտեսվարողները հիմնականում պահպանում էին հակահամաճարակային կանոնները.
Նարեկ Կարապետյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի բաժնի պետ - Հիմնականում արձանագրում ենք, որ բնակչությունը փակ տարածքներում դիմակ չի կրում, կրման կանոնները չեն պահպանվում:
Տեսչական մարմինը մեկ այցով չի սահմանափակվում, և եթե առաջին անգամ նախազգուշացնում է, երկրորդ անգամ թերությունը չվերացնելու համար կարող է տնտեսվարողին տուգանել: Խանութի աշխատողներն էլ կորոնայի դեմ պայքարելու իրենց տարբերակն ունեն.
«Անմիջապես ներս մտնելուն պես մենք ասում ենք, խնդրում ենք՝ դիմակով առաջացեք, համբերատար դնում, առաջանում են, իսկ ովքեր էլ ոչ, ասում ենք, որ չենք սպասարկում:
Տարածքը պարբերաբար ախտահանել, աշխատակիցներին ջերմաչափել, հաճախորդին առանց դիմակի չսպասարկել. տեսչական մարմնի հիմնական պահանջներն են: ԱԱՏՄ-ն արձանագրում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել են խախտումները, բայց զգուշացնում են.
Նարեկ Կարապետյան - Եթե մենք նկատում ենք առանց դիմակ քաղաքացիների, նաև այդ պատասխանատվության բաժինը կրում է տնտեսվարողը:
ԱԱՏՄ տեսուչները վերջին երեք ամսում միայն Երևանում 6822 ստուգայցից 716 տնտեսվարողի մոտ խախտում են արձանագրել, 1 տնտեսվարողի տուգանել: Մարզերում պատկերը հետևյալն է. այս տարվա հունվարից մինչև օրս տեսուչները մոտ 22 000 ստուգայց են կատարել, 4304 տնտեսվարողի մոտ խախտում արձանագրել, 25-ին՝ տուգանել: