Չորեքշաբթի Դանիլովի վանքում Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եռակողմ բանակցություններ է վարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Նախօրեին պատրիարքն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ:
Բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել պարզել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակմանը և կանխել տարածաշրջանում զենքի կիրառումը, որը վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը:
Նրանք նաև կոչ են արել հարգել Լեռնային Ղարաբաղի պաշտամունքի վայրերը, գերեզմաններն ու պատմական հուշարձանները:
«Կովկասը միշտ հայտնի է եղել ժողովուրդների, լեզուների և մշակույթների հսկայական բազմազանությամբ: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա, քան միասին ապրելը: Այսօր դարձյալ կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը, նորից սովորել հարգել հարևանին ու պատրաստ լինել օգնության: Դրա համար պետք է պահպանել հարգանքը կրոնական սրբավայրերի, պատմական հուշարձանների և մահացածների, նաև այլ հավատքի մարդկանց կրոնական զգացմունքների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նրանք նաև երիտասարդներին կոչ են արել հրաժարվել արմատականությունից և ագրեսիայից, ինչպես նաև խուսափել ատելության խոսքից ու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսելու կոչերից:
«Ապագայում անհրաժեշտ է ամեն կերպ ձգտել խուսափել ատելության խոսքից, զերծ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից: Մենք երիտասարդներին հորդորում ենք չտրվել ագրեսիայի և արմատականության ոգուն, առաջին հերթին փնտրել խաղաղություն»,- հայտարարել են հոգևոր առաջնորդները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղղված խոսքում կարևորել է հայ գերիների ազատ արձակումը, հոգևոր և մշակութային արժեքների պահպանությունը և պաշտպանությունը և հույս հայտնել, որ հոգևոր առաջնորդների հաճախակի հանդիպումները ներդրում կունենան խաղաղության վերահաստատման գործում։