Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը:
Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումը նպատակ ուներ արձանագրելու նախորդ հանդիպումների ձեռքբերումները և անդրադառնալ նոր մարտահրավերներին:
«Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց:
Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն»,- ասել է Արթուր Դավթյանը: