Թուրքական մամուլում և վերլուծական շրջանակներում շրջանառվում է այն տեսակետը, որ Թուրքիան քրդական ուժերի դեմ հնարավոր է՝ նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայում՝ Թել Ռըֆաթի ուղղությամբ: Անկարան դժգոհ է այդ երկրում Մոսկվայի և Վաշինգտոնի գործողություններից: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հավատարիմ չեն Սիրիայի վերաբերյալ իրենց պարտավորություններին, և Թուրքիան ստիպված կլինի քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- Anadolu գործակալությունը մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքերը:
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) ու Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG):
Ըստ թուրք ռազմական վերլուծաբանի՝ նոր ռազմական գործողությունը կիրականացնեն կա՛մ թուրքական բանակը, կա՛մ էլ Սիրիայի այդ հատվածի ազդեցիկ ուժերը՝ հայտնում է Ermenihaber-ը:
Վերլուծաբանի կարծիքով՝ դա տեղի կունենա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնության դեպքում, քանի որ այդ քայլի համար Անկարան պետք է նաև օդային հարվածներ հասցնի: Մինչդեռ Սիրիայի՝ Եփրատից արևելք ընկած հատվածի օդային տարածքը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, արևմտյան հատվածը՝ Ռուսաստանի:
Վերլուծաբանը ենթադրում է, որ այդ հարցը քննարկվել է Սոչիում ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ: