«Միացյալ Նահանգները դանդաղ գործողության ռումբ է տեղադրել Աֆղանստանում՝ «Թալիբանի» իշխանության գալու ժամանակ թողնելով մեծ քանակությամբ զենք: Ստեղծված իրավիճակում այն կարող է հեշտությամբ ընկնել ԴԱԻՇ-ի, «Ալ-Քաիդայի» կամ այլ խմբերի ձեռքը, որոնք լուրջ սպառնալիք են մեր պետություններին»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ հայտնում է Interfax-ը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Աֆղանստանից զինյալները փախստականների անվան տակ կարող են ներթափանցել ԱՊՀ երկրներ: Փախստականների թվի կտրուկ աճը Պատրուշևը համարել է տարածաշրջանային լուրջ սպառնալիք:
Պատրուշևի խոսքով՝ մոտ երեք միլիոն աֆղանստանցի կա Իրանում և Պակիստանում: Թուրքիայում է գտնվում ավելի քան չորս միլիոն փախստական:
Պատրուշևն ԱՊՀ երկրներին կոչ է արել ուժեղացնել միջազգային ահաբեկիչների և Արևմուտքի ծրագրերի մասին հետախուզական տեղեկատվության փոխանակումը, ավելի սերտ համակարգել Համագործակցության պետությունների արտաքին քաղաքական գործունեությունն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: