Մոտ ժամանակներս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կձևավորվի:
Անդրանիկ Քոչարյան (պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այս առումով բավական մեծ ու լավ խորհրդատվական թիմ է աշխատում: Աշխատանքն այնպես ենք կազմակերպելու, որ չստացվի, թե մարդկանց ենք հրավիրելու, ձայնագրենք և ասենք՝ ավարտվեց աշխատանքը: Ինչպես Ապրիլյանի մասով մենք անցանք այդ ծանր փուլը, հիմա առավել ևս այդ փորձագիտական թիմը պետք է լինի տասնապատիկ մեծ ու ներառական:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե հանձնաժողովը նախատեսում են ստեղծել նոր խորհրդարանի ձևավորմանը զուգահեռ, սակայն տեխնիկական մի շարք խնդիրներ դեռ լուծված չեն:
Երեքշաբթի Ազգային ժողովի նախագահն էլ նկատեց՝ որոշ պատգամավորներ անգամ գաղտնիության ռեժիմի հետ կապված փաստաթղթերը չեն հասցրել ստորագրել: Բացի այս խնդիրներից, իշխող մեծամասնությունը դեռ լուծումներ է փնտրում, որոնք թույլ կտան «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքին չհակասելով՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել նաև արտախորհրդարանական ընդդիմությանը:
Անդրանիկ Քոչարյան - Մեզ համար շատ կարևոր է քննիչ հանձնաժողովի լեգիտիմության աստիճանի բարձրացումը, եթե մենք գտնենք իրավական լուծումներ: Պետք է հասկանանք արտախորհրդարանական ուժերի մասնակցության հետ կապված իրավական խոչընդոտը որքանով է հաղթահարելի կամ հաղթահարելի չէ, այդ հարցերի պատասխանը գտնելուց հետո կամբողջացնենք աշխատանքի սկսման մեկնարկը:
Մինչ արտախորհրդարանականների մասնակցության ձևաչափը քննարկվում է, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանն օրերս Ֆեյսբուքում գրեց՝ «Պատերազմի պարտության հանգամանքները պետք է մանրամասն ուսումնասիրվեն, և քանի որ ես ընդգրկվելու եմ ԱԺ համապատասխան քննիչ հանձնաժողովի աշխատանքներում, վստահորեն կարող եմ ասել՝ ոչինչ չեմ խնայելու, որ հասկանանք, թե ինչ, ինչու և ինչպես եղավ»։ Դավիթ Սանասարյանն ասում է՝ վարչապետի և արտախորհրդանական ուժերի խորհրդի նիստին քաղաքական որոշում է կայացվել, որ երեք ուժից են ներկայացված են լինելու քննիչ հանձնաժողովի կազմին:
Դավիթ Սանասարյան («Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ) - Ինձ հետ միասին մասնակցելու են նաև Սամվել Բաբայանը և Նորայր Նորիկյանը: Թե ինչ ներգրավվածություն է լինելու, այդ մասին կքննարկեն առաջիկայում ԱԺ համապատասխան հանձնաժողովում:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցության մասին տեղեկությունը չի հերքում, ավելին, ասում է՝ նրա փորձն ու հմտությունները կարող են օգտակար լինել:
Անդրանիկ Քոչարյան - Սամվել Բաբայանը կարող է օգտակար լինել, իսկ թե ինչ ձևաչափով՝ դա կապված է կրկին օրենքից և Սահմանադրությունից:
Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմության պնդումներին, թե իշխանության նախաձեռնությամբ հանձնաժողովն օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց կլինի:
Դավիթ Սանասարյան - Եթե զգանք, որ ոչ օբյեկտիվ ընթացք է նշմարվում, տեղում այդ մասին կբարձրաձայնենք:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքը չի խանգարի այժմ պատերազմական հանցագործություններին առնչվող քրեական գործերի քննությանը: Հակառակը՝ պաշտոնյան ասում է՝ ակնկալում են նախաքննական մարմինների աջակցությունը: