Եվս տասն օր, ու այս տարվա խաղողի մթերումը կավարտվի: Որոշ գործարանների մթերման կետերում գործընթացը դեռ ակտիվ շարունակվում է: Ըստ էկոնոմիկայի նախարարության մոնիտորինգի՝ երկրի մոտ 50 գինեգործական ու կոնյակագործական ընկերություն արդեն 180 հազար տոննա խաղող է մթերել: 25 հազար տոննա ավելցուկ խաղողի մթերման խնդիրը ևս լուծված է: Սա այն քանակն է, որից այս տարի մթերման սեզոնի սկզբում ընդհանարապես հրաժարվեց Արմավիրի մարզի խոշոր մթերողներից մեկը:
Միշա Օհանյան (խաղողագործ) - Ծառուկյանը խաղողը չընդունեց: Մեզ գարունը գումար տվեց ինքը, բուժանյութ հույսով արեց, որ խաղողը պիտի մթերեր, չմթերեց:
Կարեն Սիսակյան (խաղողագործ) - Պայմանագիրս «Նոյ» գործարանի հետ էր, չի մթերում այս տարի:
Գինեգործության ու կոնյակագործության ոլորտում մեծ ծավալներով մթերման հայտ է ներկայացրել տարիներ շարունակ կոնյակի սպիրտի արտահանումով զբաղվող «Բագրատ գրուպ» ընկերությունը:
Միշա Օհանյան (խաղողագործ) - Հիմա մեզ մարզպետարանից ուղարկեցին էստեղ: Էստեղ հին գործարան է բայց մարդիկ մի ընտանիքի պես պայքարում են, որ կարողանան ժողովրդի խաղողը հանձնեն: Խաղողը մնացել է դաշտերում:
Կարեն Սիսակյան (խաղողագործ) - 130-ով մթերում են, գումարը փոխանցումով է, 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում:
Հիմա և՛ Արմավիրում, և՛ Արարատում խաղող են մթերում. խոստացել են 25 հազար տոննայից 12 հազարը, միայն պետական սուբսիդավորման ծրագրով կմթերեն:
Համլետ Ասատրյան («Բագրատ Գրուպ» ընկերության տնօրեն) - Վարկը մոտ 12 հազար տոննայի է՝ միլիարդուկես է հաստատած վարկը, սակայն մենք մեր ռեսուրսներից էլ ահագին ներդրել ենք, պատրաստ ենք մթերելու: Ինձ թվում է՝ մինչև վերջ կմթերենք:
Եվս մեկ ընկերություն՝ «Վեդի Ալկոն», պատրաստ է մթերել այնքան, որքան կառաջարկեն՝ ասում էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման պատասխանատուն: Որոշ գործարաններ էլ դեռ մեկ ամիս առաջ խոստացան՝ այս տարվա նախատեսված մթերումից ավելին կընդունեն՝ ընդհանուր առմամբ ստանձնելով 25 հազար տոննայից ութ հազարի մթերման պարտավորությունը:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Շուրջ չորս հազար տոննա լրացուցիչ մթերում եղավ գործարանների կողմից: Եվս չորս հազար տոննա մթերեց երկու կազմակերպություն:
Թեև համավարակով պայմանավորված՝ ընկերությունների մոտ վաճառքի ծավալները նվազել են, ասում է Գևորգ Ղազարյանը, սակայն պետական աջակցության ծրագրերով գործարանները կարողանում են խաղողի մթերում իրականացնել:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Մեկը 50 տոկոս բյուջետային երաշխիքի տրամադրումն էր, որն առաջին անգամ է կիրառվում: Հաջորդ աջակցությունը եղավ այն, որ խաղողի մթերման համար սուբսիդավորվող վարկերի ժամկետը դարձրինք 3 տարի, վարկերի առավելագույն շեմը՝ մինչև 4 միլիարդ դրամ, և մեկ տարի արտոնյալ ժամկետ:
Ըստ ագրովերամշակման զարգացման պատասխանատուի կանխատեսումների՝ ընդհանուր առմամբ մնացել է մոտ յոթ հազար տոննա խաղող, որը ևս ամբողջությամբ կմթերվի: