Հայաստան հարկադիր վերադարձողների պետական օժանդակության ծրագիրը այս տարի ևս շարունակվում է, սակայն՝ համալրված պայմաններով: Պետական աջակցությամբ վերադարձողներին Միգրացիոն ծառայությունն աջակցում էր խորհրդատվությամբ և վեց ամսվա բնակվարձի փոխհատուցմամբ: Այս տարի բնակվարձ են ստանում ոչ միայն հարկադիր, այլև կամավոր վերադարձողները:
Նելլի Դավթյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Կամավոր վերադարձողները ևս կարող են դիմել Միգրացիոն ծառայություն՝ վեց ամսվա իրենց բնակվարձի այդ կարճաժամկետ փոխհատուցումը ստանալու համար: Կամավոր վերադարձողների համար կան հետևյալ պայմանները. պետք է լինի բազմազավակ ընտանիք՝ 4 կամ ավելի երեխաներ, կամ հաշմանդամություն ունեցող անդամ լինի ընտանիքում:
Հայաստան են վերադառնում տասնյակ տարիներով երկրից հեռացածները, որոնք գրեթե խզել էին իրենց կապը հայրենիքի հետ: Հենց այս մարդիկ հայրենիքում վերաինտեգրման կարիք ունեն՝ ասում է Նելլի Դավթյանը: Հասարակական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նրանց վերաինտեգրումը սովորաբար երկարատև էր լինում:
Նելլի Դավթյան - Թղթաբանությունը և գործընթացները տևում էին ամիսներ, մենք նկատեցինք, որ կարիք կա լրացնելու այն բացը, որ մեր հայրենակիցները վերադառնալով՝ դիմեն պետական աջակցության:
Նախորդ տարի համավարակի սահմանափակումներով ու չարտերային թռիչքների կրճատումով պայմանավորված՝ վերադարձողներից բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել էր 10 ընտանիք, թեև պետական աջակցություն էր սահմանված 38-ի համար: Այս տարի կառավարությունը ևս պատրաստ է վեց ամսով 60 հազար դրամով փոխհատուցել վերադարձողների բնակվարձը:
Նելլի Դավթյան - Հատկացվել է 38 շահառուի համար տեղ, որից այս պահի դրությամբ զբաղեցված են 15-ը, 41 անձանց մասին է խոսքը, 20-ից ավելի շահառուների տեղ ունենք մինչև տարվա վերջ: Հորդորում ենք մեր քաղաքացիներին իմանալ՝ ուր դիմել:
Միգրացիոն ծառայություն պետք է դիմել վերադարձից հետո երեք ամսվա ընթացքում: Ներգաղթյալը Հայաստանից պետք է բացակայած լինի առնվազն մեկ տարի ժամկետով:
Ավստրիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Դանիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից ու Ռուսաստանից այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 687 անձի վերաբերյալ հետընդունման հայտ, որոնցից հաստատվել է 511-ի քաղաքացիություն: