Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Հոկտեմբերի 4-11-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 882 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 139 անձ։ 103 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ առանց համարանիշների, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշներով, 233-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 34 անձի և հայտնաբերել 2 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: