Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները վերջին տարիներին աճում են՝ մեծացնելով այս ֆոնդերի դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում ընդհանուր ակտիվները կազմել են 412.6 մլրդ դրամ: Միայն վերջին կես տարում ֆոնդերում կուտակված գումարներն աճել են մոտ 43 մլրդ դրամով կամ 12 %-ով:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ կարելի էր ավելի լավ արդյունք ակնկալել, սակայն համավարակի հետ կապված խնդիրներն ու պատերազմը վատ անդրադարձան ֆոնդերի եկամտաբերության վրա: Փոխարժեքի տատանումներն ու Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ևս իրենց ազդեցությունն են ունեցել:
Որ համավարակն ու պատերազմը բացասական են ազդել ֆոնդերի եկամուտների վրա, փաստում է նաև ֆոնդերից մեկի կառավարիչ Հրայր Ասլանյանը, սակայն, ըստ նրա, դա կրել է ժամանակավոր բնույթ:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում գործում է կենսաթոշակային 6 ֆոնդ, որոնք կառավարում է երկու կազմակերպություն, յուրաքանչյուրը՝ երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Կենսաթոշակային ամենախոշոր ֆոնդերից մեկի կառավարչի խոսքով՝ իրենց կողմից կառավարվող ակտիվների մոտ 97 տոկոսը ներդրված են պահպանողական ֆոնդում, որը համարվում է միջին ռիսկային:
Ի դեպ, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2021 թվականի առաջին կիսամյակի դրությամբ կազմել են Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 6 %-ը:
Կենսաթոշակային ֆոնդերի պարտադիր մասնակից են համարվում 1974-ից հետո ծնվածները: Օրենքը սահմանում է բացառություններ, երբ մասնակիցը կենսաթոշակային տարիքից շուտ կարող է ստանալ իր կուտակած միջոցները, օրինակ՝ անբուժելի հիվանդության դեպքում։ Գործող դրույքաչափերով՝ աշխատողի աշխատավարձի 10 %-ի չափով է կատարվում կենսաթոշակի կուտակումը, որի մի մասը պետությունն է կուտակում, մի մասը՝ մասնակիցը:
Ներկայում աշխատակիցը վճարում է 3.5, պետությունը՝ 6.5 %-ը, սակայն 2023 թվականից նշված 10-ը տոկոսում պետության և աշխատողների մասնակցությունը հավասար կլինի՝ 5-ական %։ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը ճիշտ էր, որի դրական արդյունքները, սակայն, քաղաքացիները կզգան միայն մեկ տասնամյակ անց:
Տնտեսագետն ասում է՝ 2035 թվականից հետո Հայաստանում սկսվելու է կտրուկ ծերացման շրջան, և եթե այսօր մեկ աշխատող ապահովում է 2 թոշակառուի կենսաթոշակը, այդ ժամանակ ստիպված է լինելու ապահովել միանգամից 5-ի կենսաթոշակը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան