Այս տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կապանում այսօր մեկնարկեց «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը: Այն մեր երկրում առաջին անգամ է անցկացվում: Միջոցառմանը մասնակցում է վեց երկրի մոտ 50 պատվիրակ:
Մինչև մրցույթի սկիզբը միջոցառումը մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստով: Մասնակցում են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները նախարարների տեղակալների մակարդակով: Իսկ նրանք, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել Հայաստան հասնել, միջոցառմանը միացել են տեսակապի միջոցով:
Հայաստանում երիտասարդության վերաբերյալ պետական քաղաքականություն կա, հյուրերին ասաց փոխնախարար Մարտիրոսյանը. առաջիկայում փաստաթուղթը օրենքի ուժ կստանա:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ) - Առաջիկայում պլանավորում ենք ունենալ երիտասարդության քաղաքականության ռազմավարություն առաջիկա 5 տարիների համար, միգուցե՝ երիտասարդության օրենքի ընդունում:
Հայաստանում անցկացվող համաժողովը համընկնում է Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակի և ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյաններին: ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նախագահը կարևորեց, որ երիտասարդների նորարար գաղափարների թատերաբեմը հենց Կապան քաղաքն է:
Տատյանա Կովալյովա (ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ) - Այսօր նիստը հատուկ է, քանի որ անցկացվում է ԱՀՊ երկրների գործակցության 30 ամյակին: Հատկանշական է, որ թիրախային հարցերից մեկը հենց երիտասարդության քաղաքականությունն է, կարևորում եմ նաև երկրների փորձի փոխանակումը: Նիստի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ անցկացվում է Կապանում, քանի որ սա է Հայաստանի այս տարվա երիտասարդական մայրաքաղաքը:
Խորհրդի նիստին հաջորդեց արդեն երիտասարդների նորարարական գաղափարների ներկայացումը: Թեմաները բազմազան են՝ գիտությունից մինչև բժշկություն, ճարտարապետությունից մինչև ռազմարդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Ղրղզստանի ներկայացուցիչները իրենց նորարարական մոտեցմամբ փորձում են զարկ տալ ընթերցարանությանը: «Մեկ մարդ, մեկ գիրք» ծրագրի շնորհիվ իրենց երկրում մոտ 200 գրադարան են բացել ու ավելի քան 150.000 գիրք են հասցրել հեռավոր գյուղեր, դպրոցներ ու անգամ զորամասեր:
Իռլան Սմայիլով («100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի մասնակից, Ղրղզստան) - Իմ ձեռքին գիրք է, որում կա հայ լեգենդար գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, ոչ թե հայերեն, ոչ թե ռուսերեն, այլ ղրղզերեն թարգմանությամբ: Մենք նաև օտարերկրյա գրողների ստեղծագործություններ ենք թարգմանում ու նրանց մեր երիտասարդներին ներկայացնում:
Հարևան տաղավարում էլ Հայաստանը ներկայացնող մասնակիցներն են: Նարեկի գաղափարը 2019 թվականին է հաղթող ճանաչվել: Առաջարկում է Բյուրականում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտման և զարգացման կենտրոն կառուցել:
Նարեկ Պետրոսյան («100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի մասնակից, Հայաստան) - Որոշեցինք նախագիծն անել Բյուրականում, այն կզարգացնի աստղադիտարանի գործունեությունը, կդառնա Կովկասում առաջին տիեզերական կենտրոնը:
Այսօր երիտասարդները ժյուրիին 50 գաղափար ներկայացրեցին: Ավելի քան 10 անվանակարգում հաղթողներին կորոշի ժյուրին: