Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն գործուն քայլեր է իրականացնում: Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով, արժանացել է Կառավարության հավանությանը և Ազգային ժողովում ընդունվել առաջին ընթերցմամբ:
Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը և հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները: Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է՝ քաղաքացիներին. հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու։
Օրինակ, ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ է պատվիրել Ֆեյսբուք սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ Ֆեյսբուքի կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։ Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո, քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ Ֆեյսբուքն է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե:
Մեկ այլ օրինակ. ենթադրենք՝ քաղաքացին օգտվում է Zoom էլեկտրոնային հարթակով մատուցվող վճարովի որևէ կրթական ծառայությունից: Այս դեպքում ևս ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե, իսկ ֆիզիկական անձը որևէ գործողություն չի անելու:
Էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, և կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու և ՀՀ պետական բյուջե վճարելու համար: ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: