Իրանում այսօր մեկնարկել են վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ զորավարժությունները։ Վարժանքներն անցկացվում են Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի մասնակցությամբ` երկրի կենտրոնական շրջաններում։ «Վելայաթ» անունը կրող զորավարժությունները կտևեն 2 օր: Դրանց մասնակցելու են նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի հատուկ ստորաբաժանումները։ Ավելի վաղ, Բաքվի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին, Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ սկսեցին Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։
*****
Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված մարտական փորձը կօգտագործվի ռուս խաղաղապահների գործողությունների հիմքում ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցներով և ուժերով Տաջիկստանում կայանալիք «Էշելոն-2021» հատուկ զորավարժությունների ժամանակ: Ռուսաստանի կենտրոնական ռազմական շրջանի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինի խոսքով՝ գործողություններին ներգրավվելու է ավելի քան 500 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:
*****
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր «համբերության բաժակը լցվել է»՝ Սիրիայում ահաբեկիչների վերջին հարձակումների պատճառով: «Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի մեր ուժերով վերացնենք Սիրիայից եկող սպառնալիքները»,- ասել է Էրդողանը: Ավելի վաղ Էրդողանը հարցազրույց էր ունեցել ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ՝ նշելով, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հստակեցնի իր դիրքորոշումը Սիրիայի հարցում. արդյոք Վաշինգտոնը մտադի՞ր է «Թուրքիայի հետ միասին պայքարել ծայրահեղականության դեմ», թե՞ կշարունակի աջակցել քրդական միավորումներին: Թուրքիայի նախագահը նշել է, որ ցանկալի է, որպեսզի ամերիկացի զինվորականները լքեն Սիրիան և Իրաքը:
*****
Ղրղզստանի նախագահը երկրի կառավարության հրաժարականի վերաբերյալ հրամանագիր Է ստորագրել: Ապրիլի 11-ի հանրաքվեով ընդունվել Է Ղրղզստանի Սահմանադրության նոր խմբագրումը, որի համաձայն հանրապետությունն անցել Է կառավարման նախագահական ձևի: Երկրի հիմնական օրենքի փոփոխությունների համաձայն՝ կառավարությունը վերափոխվել Է նախարարների կաբինետի. նախարարների կաբինետի նախագահը միաժամանակ զբաղեցնում Է հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: