ՀԱՊԿ Մշտական խորհրդի ղեկավար է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: ՀԱՊԿ-ում 2021-2022 թվականների նախագահությունը Տաջիկստանից անցել է Հայաստանին:
*****
Իրանն Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին հստակ տեղեկություններ ունի։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ փաստերն ապացուցող աուդիո ֆայլեր ունեն, որոնք պահում են հետախուզության տեսադաշտում։ «Մենք հայտնել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է Իրանի համար»,- հայտարարել է Խաթիբզադեն ու հավելել, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են օգնել վերացնելու մտավախությունները: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Թեհրանը կարծում է, որ պատերազմը խնդիրները լուծելու ճիշտ միջոց չէ, հարցերը պետք է կարգավորել դիվանագիտության օգնությամբ:
*****
Իրանի Արդեբիլ քաղաքի դատարանը 12 մեղադրյալի դատապարտել է 15 տարվա ազատազրկման և մտրակի 888 հարվածի։ Դատապարտվածները թյուրքախոս ազերիներ են, որոնք մեղադրվում են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անկարգություններ հրահրելու և իրականացնելու հոդվածներով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի որոշ շրջաններում թյուրքախոս ազերիները դուրս են եկել փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Իրանի իրավապահ մարմինները ցրել էին ակցիաները՝ ձերբակալելով սադիչներին:
*****
Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը նախատեսվում է Հռոմում՝ հոկտեմբերի 30-31-ը՝ G-20-ի առաջնորդների հանդիպման շրջանակում: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ օրակարգում քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգության հետ կապված հարցեր են, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարը, առևտուրը, պաշտպանական արդյունաբերությունը, Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Արցախի հարցը, Կովկասը, Լիբիան, Միջերկրական ծովը և այլն: Ըստ Bloomberg-ի՝ Բայդենի հետ հանդիպման շրջանակում Էրդողանը փորձելու է նրան համոզել՝ թույլատրել ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքն Անկարային: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 6 միլիարդ դոլար: