«Եռաբլուր» զինվորական պանթեոնում խնկարկել են Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակը: Գնդապետ Ասատրյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին, Հադրութում: Նա ղեկավարում էր հատուկ նշանակության բրիգադը:
Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։ Նախ Օմարում, ապա Մեխակավանում ու Հադրութում՝ գնդապետ Ասատրյանն անզիջում պայքարել է թշնամու դեմ, զինակից ընկերոջ՝ Վահագն Թումասյանի հետ զոհվել հանուն հայրենիքի:
Նորօրյա հերոսը հանգչում է Զորավար Անդրանիկի, Մոնթեի ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմների մոտ:
««Ազգային հերոս» կոչումը հենց այնպես ոչ ոքի չի տրվում: Մեր ազգային հերոսն է՝ իր կատարած սխրանքի համար: Իր ղեկավարած զորամասի կողմից կատարված խնդրի հետևանքով նա զոհվեց, բայց այն գործը, որը սկսել էր, շարունակվել է և շարունակվելու է: Պարոն Ասատրյանը զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ և հանդես բերել կամային հատկանիշներ, մասնագիտական բարձր կարողություններ, և դրա արդյունքն էր, որ վստահվեց այս զորամասի հրամանատարությունը: Իսկ որպես ընկեր՝ կարող եմ ասել, որ հիանալի ընկեր էր, հիանալի մարդ, հիանալի ընտանիքի հայր էր»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: