Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում տեղ են գտել հայկական կողմի բոլոր մտահոգությունները: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընդգծում է՝ սեպտեմբերի 27-ին ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ 44-օրյա պատերազմը հակամարտող կողմերի՝ Եվրոպայի խորհրդի անդամ լինելու պարտավորությունների խախտում է:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Ֆիքսվում են Թուրքիայի աջակցությամբ կամ մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին, հստակ կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում:
Ավարտված նստաշրջանի ընթացքում վեհաժողովը քննարկել է նաև Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրության վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդների զեկույցը, որով ընտրությունը գնահատվել է մրցակցային և լավ կազմակերպված:
Ռուբեն Ռուբինյան - Սա արդեն երկրորդ համապետական ընտրություններն են Հայաստանի, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից:
ԵԽԽՎ-ում չի շրջանցվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեման: Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի դեմ Եվրամիության միջոցառումները ավելի վճռական են, քան Հայաստանում:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Եվրոպական միությունը գնում է բավականին կոշտ միջոցառումների, պատվաստումների թիվը Ֆրանսիայում հասել է մոտ 80-85%-ի, չպատվաստված կամ բացասական թեստ չունեցող անձանց չի թույլատրվում ժամանցային վայրերում գտնվել և այլն:
Անդրադառնալով հակապատվաստումային ակցիաներին՝ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ միայն երեկ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 43 մարդ:
Ռուբեն Ռուբինյան - Այս պահի դրությամբ աշխարհում չի դեռևս ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի էֆեկտիվ կլինի: Հայտնի փաստ է, որ պատվաստումը 100%-ով չի պաշտպանում մարդկանց վարակվելուց, բայց ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելն էականորեն նվազեցնում է և՛ վարակվելու, և՛ ծանր տանելու ռիսկը:
Պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի խոսքով էլ՝ այժմ ընտրություն է ոչ թե պատվաստվելու և չպատվաստվելու, այլ ապրելու և չապրելու միջև:
Սոնա Ղազարյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Արդեն երեք օր է՝ ռեանիմացիոն ամբողջ մահճակալային ֆոնդը սպառված է, և մարդիկ հայտնվում են ռեանիմացիայում՝ բացարձակ պատվաստանյութերին դեմ գնալու արդյունքում, որովհետև ոչ մի պատվաստված անձ չի հայտնվում ռեանիմացիայում:
Քննարկմանը միացած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտնեց՝ խորհրդարանի շենք մուտք գործելիս շուտով անհրաժեշտ կլինի պատվաստման սերտիֆիկատ:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Հայաստանի Հանրապետությունում շատ կարճ ժամանակ անց մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր մուտք գործել, այդ թվում՝ Ազգային ժողովի շենք:
Նորայր Շողիկյան