Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլ չտվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա: Այսօրվա նիստին նրա պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել սահմանափակումներն ընդհանրապես կամ առնվազն նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում թույլատրել Գևորգյանին բացակայել Հայաստանից։
Լուսինե Սահակյան, Արմեն Գևորգյանի պաշտպան - Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում նշանակված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստը, որին որպես հանձնաժողովի անդամ պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, անհիմն որակեց միջնորդությունը և խնդրեց մերժել այն՝ նշելով, որ Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը չեն վերացվել:
Աննա Դանիբեկյան, դատավոր - Դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմի ներկայացրած նյութերից ակնհայտ է դառնում, որ պաշտպանի կողմից նշված միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմը չի ներկայացրել որևէ հիմնավորում, որը հիմք կհանդիսանար վերջինիս միջնորդությունը բավարարելու համար։
Արմեն Գևորգյանն առարկեց դատարանի գործողությունների դեմ:
Արմեն Գևորգյան, ամբաստանյալ - Դատարանն Արմեն Գևորգյանին գերի է պահում՝ չթույլատրելով իրականացնել իր միջազգային պարտականություններն ու պարտավորությունները:
Այնուհետև նրա պաշտպանը կալանքի տակ գտնվող Գևորգյանի բանկային հաշվից փոխանցում կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրեց: Նա հիշեցրեց, որ դատարանի որոշման պատճառով Գևորգյանը չի կարողացել ներկա գտնվել ԵԽԽՎ նիստին, իսկ նրա՝ Ստրասբուրգ գործուղման համար ԱԺ բյուջեից 400 000 դրամից ավելի գումար է փոխանցվել։ Բացի այդ, ավիատոմսի գնման համար ԱԺ-ն ծախսել էր ավելի քանի 500 000 դրամ, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել։
Լուսինե Սահակյան - Միաժամանակ խնդրում եմ, 407 000 դրամի չափով կալանքից հանել Արմեն Գևորգյանի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի համապատասխան համարի հաշիվը՝ հնարավորություն տալով պետությանը վերադարձնել չկայացած գործուղման համար նախատեսված գումարը՝ այն փոխանցելով ԱԺ-ի համապատասխան գանձապետական հաշվին:
Պաշտպանը խնդրեց թույլ տալ Գևորգյանին ունենալ արգելանքից ազատ մեկ բանկային հաշիվ, որի միջոցով նա հնարավորություն կունենա օգտագործելու ԵԽԽՎ-ի անդամի գործուղումների համար անհրաժեշտ գումարը: Դատարանը նկատեց, որ ավելի վաղ միջնորդություն էր ներկայացվել Գևորգյանի գույքի կալանքը հանելու վերաբերյալ, և դատարանը որոշել է միջնորդության լուծումը հետաձգել մինչև կալանադրված գույքի արժեքը որոշելը, ուստի արձանագրեց, որ այս միջնորդությունը ժամանակավրեպ է: Դատարանի որոշումներից հետո Լուսինե Սահակյանը կրկին ժամանակ խնդրեց՝ գործի նյութերին ծանոթանալու և դրանից հետո դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, ինչը ևս մերժվեց:
Աննա Դանիբեկյան - Դատարանն անցնում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը:
Լուսինե Սահակյան - Հարգելի դատարան, դուք չեք կարող հրապարակել մեղադրական եզրակացությունը, որովհետև այս պահին Արմեն Գևորգյանը մնում է այս դահլիճում անպաշտպան:
Այս հայտարարությունից հետո Սահակյանը լքեց նիստերի դահլիճը: Մեղադրող դատախազը սա իրավունքի չարաշահման կլասիկ դրսևորում որակեց: Դատարանն էլ որոշեց պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ նկատողության տեսքով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան