ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության յոթերորդ փորձն էլ ձախողվեց: Ընդդիմության միասնական թեկնածուն կրկին Արթուր Ղազինյանն էր: Նրան առաջադրելու մասին «Հայաստան» խմբակցության ղեկավարից գրությունը ստացվել էր, բայց ո՛չ թեկնածուն, ո՛չ էլ հանձնաժողովի ընդդիմադիր մյուս անդամները չէին ներկայացել:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե նկատեցիք՝ մեր գործընկերները չկան, Սեյրան Օհանյանը, որը ներկայացրել է պարոն Ղազինյանիn յոթերորդ անգամ, նույնպես բացակայում է, մենք հարցեր տալու հնարավորություն չունենք:
15 րոպե ընդմիջումից հետո հանձնաժողովի նախագահը հարցը դրեց քվեարկության, ու 5 դեմ ձայնով Ղազինյանը չընտրվեց: Արտահերթ նիստից կես ժամ հետո արդեն ընդդիմադիր պատգամավորները «Հայաստան» խմբակցությունում ասուլիս հրավիրեցին: Տեղեկացրեցին՝ որոշել են բոյկոտել բոլոր այն նիստերը, որոնց օրակարգում լինելու է նախագահի տեղակալի ընտրության հարցը: Յոթ անգամ չընտրված թեկնածուն հայտարարեց՝ իշխանությունը խոչընդոտում է գործընթացը, իսկ իրենք չեն պատրաստվում զիջել դիրքերն ու նահանջի գնալ:
Արթուր Ղազինյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու) - Ընդդիմությունը չի փոխելու իր թեկնածուին, որովհետև չի կարող բավարարել իշխանության պահանջը, կոշտ է իր դիրքերում, հանդես է գալիս արմատական դիրքերից, ու իշխանությունը նույնիսկ թող չմտածի ճնշել ընդդիմությանը և ստիպել թելադրել գործել իր կանոններով:
Ղազինյանն ասաց՝ գիտի, բայց դեռ չի հրապարակի այն հիմնական պատճառը, թե ինչո՛ւ են իշխանական պատգամավորները դեմ քվեարկում իրեն: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանն էլ անթույլատրելի որակեց իշխանության մտադրությունը, որով կփոփոխվի կանոնակարգ օրենքը, ու նույն մարդուն երկու անգամից ավելի առաջադրելու հնարավորություն այլևս չի լինի:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Իշխանությունը օրենսդրական տեսք է փորձում տալ իր ցանկություններին:
Կանոնակարգը փոփոխելով՝ «Հայաստան» խմբակցությանը հնարավորություն է տրվում, որ նա էլ դառնա քաղաքական օրակարգ մշակող, ոչ թե կախված լինի քաղաքական ուժի առաջնորդի որոշումից՝ սա էլ հայտարարեց հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց՝ արդեն խորհրդակցել է ՍԴ դատավորների, իրավաբանների հետ, գաղափարին նախագծի տեսք տալու գործընթացն էլ ավարտական փուլում է: Կամ իրավիճակը պետք է լուծվի, կամ էլ անընդհատ նույն շրջապտույտը կլինի՝ նկատեց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյան - Ընենց տպավորություն է, որ իրենք իրենց անընդհատ քաղաքական միջավայրից դուրս են դնում: Իրենց խնդիրն է, թող դնեն, վերջին հաշվով, հանձնաժողովը միայն Ղազինյանի հարցով չէ, որ պիտի զբաղվի, շաբաթը մեկ արդեն հումորով ասում ենք՝ ղազինյանական օրեր, մենք չենք ուզում, որ ղազինյանական օրերը դառնան օրացույցի մեջ նշված մի բան, բայց էդպես է ստացվում:
Ասուլիսներ տալու փոխարեն ճիշտ կլիներ ընդդիմությունը ներկայանար նիստերին՝ ասաց Քոչարյանն ու նորից պնդեց՝ իշխանական մեծամասնության համար Ղազինյանի թեկնածությունն ընդունելի չէ, ու պատճառներից մեկն էլ այն է, որ պատգամավորը բանակում չի ծառայել: Ու թեև Արթուր Ղազինյանը ասել էր, որ օգտվել է օրենքով ընձեռված տարկետման իրավուքից, զբաղվել է գիտությամբ, Քոչարյանը նկատեց՝ այս թեմայով իրենք հարցեր ունեն «Հայաստան» խմբակցության ղեկավարին:
Անդրանիկ Քոչարյան - էս թեկնածությունը չի կարող ոչ մի կերպ ընդունելի լինի, նույն Սեյրան Օհանյանն ասում էր, որ բանակում չծառայած մարդիկ Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովի մեջ են, բա, Օհանյա՛ն, քեզ եմ հարց տալիս, Ղազինյանը չի ծառայել, գուցե էն ժամանակ քո համար չծառայած լինելը շատ կարևոր չափորոշիչ էր, հիմա դու չծառայածին հա ներկայացնում ես, էդ դեպքում՝ ինչո՞վ ես առաջնորդվում, չի կարելի մի քանի դիմակով անընդհատ հանդես գալ:
Ընդդիմադիր պատգամավորներն այսօր նաև հայտնեցին՝ հոկտեմբերի 15-ին արտահերթ նիստ են նախաձեռնում՝ խորհրդարան են հրավիրել արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին, գլխավոր շտաբի պետին, ԱԱԾ տնօրենին ու գլխավոր դատախազին: Նիստ հրավիրելու պահանջով գրությունն արդեն ուղարկել են հանձնաժողով: