Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի հոկտեմբերի 30-31-ին Հռոմում կայանալիք G-20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ քննարկելու 6 մլրդ դոլարի սպառազինության գործարքի վերաբերյալ հարցումը: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին:
Նշվում է, որ հանդիպման մասին պաշտոնապես չի հայտարարվել, և պարզ չէ, թե Բայդենը պատրա՞ստ է արդյոք բավարարելու սպառազինության ձեռքբերման վերաբերյալ Էրդողանի խնդրանքը:
Սեպտեմբերի 30-ին Թուրքիան պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ՝ Lockheed Martin ընկերությունից 40 նոր F-16 Block 70 ինքնաթիռների և ունեցած F-16 կործանիչների արդիականացման համար գրեթե 80 հավաքածուի գնման նպատակով: Bloomberg-ի աղբյուրի համաձայն՝ ամերիկյան կողմի հավանությունը ստանալը դժվար կլինի՝ հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի հակազդեցությունը ռուսական C-400 հրթիռների գնմանը և Թուրքիայի անզիջում դիրքորոշումը դրանք ձեռք բերելու հարցում։
Ռազմական ոլորտի փորձագետների խոսքով՝ եթե Թուրքիային հաջողվի ձեռք բերել այդ ինքնաթիռները, դրանք արդիական կլինեն և կծառայեն մինչև 2030-ական թվականներ, ինչը Թուրքիային երկու տասնամյակ ժամանակ կտա, որպեսզի վերջինս արտադրի սեփական կործանիչները: