Լեհաստանի Դիալիստոկ քաղաքի միջազգային թատերական փառատոնից սունդուկյանցիները վերադարձել են փառատոնի խորհրդանշական մրցանակով և պատվոգրով: Մայր թատրոնի հոբելյանական տարում «Դեկամերոնը» փառատոնային մեծ հաջողություններ է գրանցում. նախ մասնակցությունն էր Սիբիուի թատերական ստուգատեսին, ապա նաև հրավերը Դիալիստոկից: Լեհական փառատոնի կազմակերպիչները «Դեկամերոնը» համարել են լավագույն ներկայացումը և կրկնել հրավերը:
Հիմա, երբ արդեն թիկունքում են եվրոպական երկու փառատոներին մասնակցությունն ու հաջողությունը, ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանը փաստում է՝ փառատոնային քննարկումների, մասնագիտական հանդիպումների ու փորձի փոխանակման հնարավորությունը նոր շնչառություն ու ոգեշնչում է առաջացնում, մանավանդ, երբ թատերական մտածողության և սկզբունքների շատ ընդհանուր եզրեր ես գտնում օտարազգի գործընկերներիդ հետ:
Քովիդի տարածման ամենաբուռն շրջանում ծնված ներկայացումն առ այսօր ասոցացվում է համավարակի հետ: Ի՞նչն է միավորում միջնադարյան Ֆլորենցիան և կորոնավիրուսի ճիրաններում հայտնված 21-րդ դարի աշխարհը: Սեր, խրախճանք, ժանտախտ և մաքրագործում, ներկայացման յուրաքանչյուր դրվագ մտորում է մեղքի և դրանից մաքրագործման մասին:
Երաժշտական, գունեղ ու թեթև շնչով ստեղծված ներկայացումը հաղթահարել է ոչ միայն լեզվական պատնեշը, այլև փշրել է կարծրատիպը, թե ինչպես հետպատերազմական երկրում կարող էր նման ներկայացում բեմադրվել, ինչին ի պատասխան ռեժիսորը փաստում է՝ «Դեկամերոնը» մեծ ցնցումներից ծնված ներկայացում է:
Սա զուտ հեղինակային ներկայացում է, որի մարդկային պատմություններն անմիջապես արձագանքվում են հանդիսատեսի սրտում՝ փաստում է ներկայացման հեղինակը, գուցե դա է «Դեկամերոնի» հաջողության բանալին: