Մոսկվայում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք հեռախոսով: Իհարկե, անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են անցնում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»,- հանդիպման սկզբում ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ ՀՀ վարչապետի հետ կքննարկեն ընթացիկ հարցեր, կխոսեն հեռանկարների մասին։
«Շուտով տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը։ Ես կցանկանայի Ձեզ հետ համաձայնեցնել գործողություններն այդ ուղղությամբ, ինչպես նաև մեր փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակի կարգավորումը ներկայում և երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Պուտինը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա ընթացքում սա իր չորրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ:
«Նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի և մեր դաշնակցային ռազմավարական հարաբերությունների կարևորության, փոխըմբռնման մասին։ Իհարկե, այժմ մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախ հանդիպեն և համաձայնեցնեն գործողությունները»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրել է, որ դեռևս հնարավոր չէ խոսել տարածաշրջանային իրավիճակի ամբողջական կայունացման մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ:
«Հակամարտության լուծման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն ունի առանցքային նշանակություն, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- ընդգծել է Փաշինյանը: