ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՊԿ «ԷՇԵԼՈՆ-2021» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ
Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված մարտական փորձը կօգտագործվի ռուս խաղաղապահների գործողությունների հիմքում ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցներով և ուժերով Տաջիկստանում կայանալիք «Էշելոն-2021» հատուկ զորավարժությունների ժամանակ: Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինի խոսքով՝ գործողություններին ներգրավվելու է ավելի քան 500 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:
ՆԱՏՕ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Աֆղանստանից հեռանալուց հետո ՆԱՏՕ-ն ձգտում է վերադասավորել իր ուժերը Ասիայում, իսկ աֆղանստանցի փախստականների հոսքերն ուղղել տարածաշրջան՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում թեժացնելու իրավիճակը, խարխլելու միջպետական փոխգործակցության առկա մեխանիզմները»,- նշել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Լավրովի խոսքով՝ այդ գործընթացում իրենց ներդրումն են ունենում նաև նեղ ձևաչափով կառույցները և ռազմական դաշինքները, որոնք ստեղծվում են սառը պատերազմի և զսպման քաղաքականության տրամաբանությամբ:
ՀՌՈՄՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆ-ԲԱՅԴԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը նախատեսվում է Հռոմում՝ հոկտեմբերի 30-31-ը՝ G-20-ի ղեկավարների հանդիպման շրջանակում: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ օրակարգում քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգության հետ կապված հարցեր են, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարը, առևտուրը, պաշտպանական արդյունաբերությունը, Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Ղարաբաղը, Կովկասը, Լիբիան, Միջերկրական ծովը և այլն: Ըստ Bloomberg-ի՝ Բայդենի հետ հանդիպման շրջանակում Էրդողանը փորձելու է նրան համոզել՝ թույլատրել ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքն Անկարային: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 6 մլրդ դոլար:
ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հունաստանը հայտարարել է՝ Թուրքիայի ռազմական տեղաշարժերի և անօրինական ներգաղթի պատճառով երկրի սահմանին զինված ուժերը պատրաստվածության բարձր մակարդակի են բերվել: Թուրքիայի հետ սահմանն ամրապնդելու համար Հունաստանն արդեն 250-ից ավելի լրացուցիչ զինվորական է տեղակայել սահմանին: Իշխանությունը հայտարարել է, որ Աթենքը մշտապես կողմնակից է խաղաղության, կայունության, բայց վճռական է պաշտպանելու սահմանները ցանկացած ներխուժումից: Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ պաշտպանության ոլորտում կնքած պայմանագիրը Հունաստանին կդարձնի շատ ավելի հզոր և ուժեղ: Թուրքիան և Հունաստանը տարաձայնություններ ունեն Միջերկրական ծովի արևելքի, օդային տարածքի, էներգետիկայի, Էգեյան ծովի կղզիների և Կիպրոսի հարցերի շուրջ:
ԿԻԵՎՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ՈՒԿՐԱԻՆԱ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ուկրաինայում են: Նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այսօր Կիևում տեղի կունենա Եվրամիություն-Ուկրաինա 23-րդ գագաթնաժողովը, կքննարկվեն Ուկրաինայի և ԵՄ-ի տնտեսական ինտեգրման խորացումը, էներգետիկ անվտանգության հարցեր: Նախատեսվում է նաև, որ Ուկրաինան և ԵՄ-ն կստորագրեն «բաց երկնքի» համաձայնագիրը: