Լոռու մարզի 38 համայնքում պետություն-համայնք համատեղ համագործակցության արդյունքում այս տարի իրականացվում է 5 մլրդ 1 մլն դրամի 107 սուբվենցիոն ծրագիր:
Դավիթ Մանուչարյան, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ - Նշեմ, որ նախորդ տարվա համեմատ 40 համայնքում կատարվել են 3.8 մլրդի աշխատանքներ: Ինչպես տեսնում եք, այս տարի ավելի մեծ գումար է տրամադրվել համայնքներին:
Մեծ Պարնի համայնքում ընդլայնվել է գիշերային լուսավորության համակարգը, պայմանագրային արժեքը 21 մլն 958 հազար դրամ է: Կառուցվում է համայնքի մշակույթի տունը, այժմ կատարվում են երեսպատման, տանիքի, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ, ծախսել են 44 մլն 850 հազար դրամ: Ծրագրում են աշխատանքներն ավարտել մինչև հոկտեմբերի վերջ:
Գեղասար համայնքում էլ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքներ, ինչի շնորհիվ համայնքում զգալիորեն կբարելավվի ջրամատակարարման վիճակը: Ծրագրի արժեքը 17 մլն դրամ է:
Վարազդատ Գրիգորյան, Գեղասար համայնքի ղեկավար - Մինչ այս՝ գյուղի ջրամատակարարումը կատարվել է սարից եկող աղբյուրներից, բայց տարիների ընթացքում աղբյուրները ցամաքել են, սարից եկող ջրի քանակը պակասել է, կյանքի որակը բարձրացնելու համար ջուրն արդեն չէր բավականացնում:
Լեռնապատ բնակավայրում տուֆ քարով սալարկման միջոցով հիմնանորոգվում են դեպի դպրոց և վարելահողեր տանող ճանապարհները: Ծրագրի ընդհանուր բյուջեն 37.3 մլն դրամ է: Մարզի ղեկավարը նշում է, որ կատարվող աշխատանքներն իրենց վերահսկողության ներքո են:
Արամ Խաչատրյան, Լոռու մարզպետ - Հիմնականում՝ գոհ եմ, շատ նորմալ, որակով աշխատանքներ են իրականացվում: Մենք շարունակելու ենք այս շրջայցերը, տեսնենք, թե մյուս տարածաշրջաններում ինչպես են ընթանում աշխատանքները:
Մարզում սուբվենցոն ծրագրերով կատարվող աշխատանքները շարունակվում են: Մարզային իշխանություններն արդեն հավաքագրում են համայնքների առաջարկությունները՝ 2022 թվականի ծրագրերում ընդգրկելու համար:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան