Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ակտիվության և Իրան-Ադրբեջան հարաբերություններում աճող լարվածության ֆոնին հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերում նոր նշանակություն, ասում է Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Կոնստանտին Զատուլին (ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ) - Անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը, իմ խորին համոզմամբ, վնաս հասցրեց ոչ միայն հայերին ու Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին: Մեր պարտքն ենք համարում կատարել պարտավորությունները մեր դաշնակցի նկատմամբ:
Անդրեյ Արեշև (քաղաքագետ) - Հայ-ռուսական փոխհարաբերությունները նոր որակ են ստանում: Առաջին պլան է մղվել ռուսական կողմից սահմանների, ռազմավարական նշանակության մայրուղիների հսկումը, փոփոխված սահմանների պայմաններում:
Տարբեր հարթակներում ու ձևաչափերում բարձր մակարդակի հանդիպումները և, մասնավորապես, Հայաստանի վարչապետի՝ հոկտեմբերի 12-ին նախատեսվող այցը Մոսկվա փաստում են երկու երկրների տրամադրվածությունը՝ խորացնելու դաշնակցային հարաբերությունները: Դումայի պատգամավորի խոսքով՝ սահմանային, անվտանգային խնդիրներում և Արցախի հարցում Ռուսաստանն իր հերթին պետք է կատարի ոչ միայն միջնորդի դեր, այլև հուսալիորեն պաշտպանի իր ռազմական դաշնակցի շահերը:
Կոնստանտին Զատուլին - Դա կարևոր է, քանի որ մենք պետք է միասին հաղթահարենք դժվարությունները, վերածնենք սեփական ուժերի նկատմամբ հավատը և այնպես անենք, որ-ոչ ոք չկարողանա Կովկասում մեր դաշնակցի շահերի նկատմամբ որևէ ոտնձգություն կատարել:
Այս տարի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները դեմ առ դեմ արդեն երեք հանդիպում են անցկացրել, ունեցել են ավելի քան 10 հեռախոսազրույց։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ բարձր մակարդակի նման ինտենսիվ շփումները խթանում են ռուս-հայկական հարաբերությունները։
Սպասվող այցի օրակարգը նույնպես բավական լայն է:
Անդրեյ Ռուդենկո (ՌԴ փոխարտգործնախարար) - Կարծում ենք, որ այս այցը թույլ կտա, հերթական անգամ, մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնել: Այն շատ կարևոր է ինչպես տարածաշրջանային զարգացումների, այնպես էլ 2020 թվականիի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործման տեսանկյունից: Հոսով ենք՝ այցը թույլ կտա առաջ շարժվել բոլոր այդ ուղղություններով:
Պուտին-Փաշինյան հանդիպման առանցքում կլինեն տարածաշրջանային, անվտանգային և Արցախին առնչվող հարցերը, հայ-ռուսական հարաբերությունների ողջ շրջանակը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը շեշտում է՝ վարչապետի Մոսկվա սպասվելիք այցը մեծ նշանակություն ունի նաև ռուսական կողմի համար:
Անդրեյ Ռուդենկո - Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, որի հետ տարբեր ոլորտներում զարգանում են բազմապլանային հարաբերություններ՝ ռազմական, քաղաքական, նաև տնտեսության և հումանիտար ոլորտներում:
Ռուսական կողմն արձանագրում է՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից՝ ընդգծելով միջազգային ասպարեզում համաձայնեցված գործողությունների և միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում սերտ համագործակցության կարևորությունը: