Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։ Խաղաղապահ առաքելության վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունում հստակ արձանագրված է, որ հրադադարի ռեժիմը խախտել են Ադրբեջանի զինված ուժերը:
ՌԴ պաշտպանության նախարարություն
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ»:
Դեպքի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի և Արցախի մի շարք կառույցներ:
Մասնավորապես, Հայաստանի գլխավոր դատախազությունը նշում է, որ տեղի ունեցածը եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է: Կառույցը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ: Կրակոցներն արձակվել են Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքի վարելահողից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից։ Անձը տեղում մահացել է կրծքավանդակի հատվածում ստացած վիրավորումից։
Ըստ գլխավոր դատախազության՝ նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք են ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ականատեսների պնդմամբ՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սպանությունից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։
ՀՀ գլխավոր դատախազություն
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախտմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ և արդյունավետ համագործակցություն։ Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձևաչափերով»:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ. ԲԱԲԱՅԱՆ
Հայտարարություններով հանդես են եկել նաև Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին: Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կասկածներ չունի, որ միջադեպը պլանավորված՝ պետական մակարդակով իրագործված սադրանք է:
Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ Նախարար) - Դա մտածված քայլ է, չի կարող լինել ինչ-որ մեկի արարքը: Դիպուկահար է կրակել, արվել է այն, ինչին Ադրբեջանի ղեկավարությունն է հավանություն տվել: Մենք սպասում ենք, որ ինչ-որ քողարկելու են:
Պաշտոնական Ստեփանակերտից նաև նշում են՝ նման կերպ ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել բնակչությանը՝ նպատակ ունենալով ստիպել մարդկանց հեռանալ Արցախից: Սա փորձ է նաև վարկաբեկել խաղաղապահ առաքելությանը, հայտարարում է Դավիթ Բաբայանը:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախում քաղաքացիական անձ է մահանում: