COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514 241 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 344 029 մարդ, երկրորդ դեղաչափ՝ 170 212։
Պատվաստումների քանակը կառավարությանը չի գոհացնում: Վարչապետը կառավարության վերջին նիստում պահանջեց օգտագործել պետության ունեցած բոլոր լծակները, անհրաժեշտության դեպքում օրենք ընդունել ու գնալ առաջ: Պետությունը ևս 2,4 միլիարդ դրամ հատկացրեց Քովիդի կանխարգելման, վերահսկման և բուժման ծախսերի համար:
Այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է կայուն լարված մնալ, պատվաստված է 18 տարեկանից բարձր բնակչության ընդամենը 17 տոկոսը: Առողջապահության նախարարությունը փաստում է՝ բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկը նկատելի բարձրացել է, սակայն այլ երկների հետ համեմատ՝ Հայաստանը շարունակում է ունենալ ցածր ցուցանիշներ: Իսկ պատվաստումների ի՞նչ աշխարհագրություն է աշխարհում:
«Ռոյթերսի» ներկայացրած թվային պատկերի համաձայն՝ պատվաստումների առաջատար եռյակը գլխավորում է Արաբական Միացյալ էմիրությունները՝ 96 տոկոսով, 2-րդ հորիզոնականում Պորտուգալիան է՝ 87.2 տոկոս ցուցանիշով և Կուբան՝ 84.8 տոկոսով: Հարևան երկրներում պատկերը հետևյալն է՝ Թուրքիա՝ 65.3 տոկոս, Ադրբեջան՝ 48.7, Ռուսաստան՝ 34.2 տոկոս, Իրան՝ 43.8 տոկոս, Վրաստան՝ 26.8 տոկոս:
Պատվաստումների քանակն աշխարհում մեծանում է նաև նոր շտամների ի հայտ գալուն զուգահեռ՝ փաստում են Առողջապահության նախարությունից ու ներկայացնում ԱՀԿ ի վերջին վերլուծության տվյալները, որտեղ ակնհայտ երևում է՝ եթե նախկինում հիվանդությունը տարածված էր մեծահասակների շրջանում, ապա այսօր այն երիտասարդացել է:
Սվետլանա Գալստյան, ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ - Նաև մանկան ու դեռահասային տարիքում: Այս առումով հատկապես կարևորվում է պատվաստումների դերը, քանի որ այն կանխարգելում է ծանր դեպքերի ու մահացության առաջացումը:
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է. հոկտեմբերի 14-ից՝ կառավարության պահանջով, գործատուն պետք է թույլ չտա աշխատանքի ներկայանալ այն քաղաքացիներին, որոնք պատվաստված չեն կամ չունեն թեստի բացասական պատասխան, որը պետք է թարմացնել երկու շաբաթը մեկ:
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ամենօրյա ստուգումների արդյունքում պարզելու և տուգանելու է պահանջը չկատարող ընկերություններին:
Եթե սեպտեմբերին միջինում պատվաստվում էր օրը 6000 քաղաքացի, այս ամսվանից պատկերը կրկնակի, անգամ եռակի ավելացել է: Եվ որպեսզի պատվաստումները մեծ հերթերի չհանգեցնեն, պոլիկլինիկաները շարունակում են ցանկության դեպքում արտագնա այցեր իրականացնել ընկերություններ, գերատեսչություններ, կրթական հաստատություններ:
Սվետլանա Գալստյան - Կան պոլիկլինիկաներ, որտեղ արդեն հերթեր են գոյանում, այժմ հերթագրում են բնակչությանը:
Շատերին հետաքրքրող ու անհանգստացող հարցը՝ ի վերջո ե՞րբ պատվաստվել, եթե արդեն վարակվել ես մեկ անգամ, մասնագետը պարազաբանում է.
Սվետլանա Գալստյան - Անձը հիվանդանալուց հետո վերջին կլինիկական նշաններից 14 օր անց կարող է պատվաստվել::
Մասնագետը նաև տեղեկացնում է, որ 2-րդ դեղաչափից հետո առնվազն 2 շաբաթ անց, եթե անգամ վարակվեն, կլինիկական նշանները շատ ավելի մեղմ կլինեն ու հնարավոր կլինի խուսափել ծանր, ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերից: Առողջապահության նախարարությունը դարձյալ հիշեցնում է՝ պատվաստումը բոլոր քրոնիկ հիվանդությունների դեպքում ցուցված է, հակացուցված է միայն դրանց սրման դեպքում:
Ի դեպ՝ այսօր Հայաստանում կիրառվում է 5 պատվաստանյութ. «ԱստրաԶենեկա», «Սինոֆարմ», «Սպուտնիկ Վի», «Մոդեռնա» և «Կորոնավակի» 2-րդ դեղաչափ: