ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ:
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն՝ պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողները օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագիր։
Անհրաժեշտ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները:
Բացի դրանից՝ գործատուն իրավունք կունենա վերոնշյալ հավաստագրերը չներկայացնելու դեպքում աշխատողին չվճարել աշխատավարձ:
Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով՝ գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 50 օր իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։