ԻՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՈՒՆԻ
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների տեղաշարժի խոչընդոտման փաստին՝ կարևորելով այլընտրանքային ուղիների առկայությունը: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի տարածքով իրանական ապրանքների փոխադրումը մշտապես խնդիրներով է ուղեկցվել, որոնք ձմռան ամիսներին ավելի են շատացել: Հաշվի առնելով այդ խնդիրը և քաղաքական հարցերը՝ մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանին փոխարինող տարբերակները և երկու երթուղու վրա ենք կանգ առել: Երթուղիներից մեկը սկսվում է Հայաստանի տարածքից և Վրաստանով հասնում Ռուսաստան, այն պատրաստ կլինի մեկ ամսից, իսկ մյուսն անցնում է Կասպից ծովով»:
ՀԱԿԱՍԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հացադուլի տասներորդ օրը Միխեիլ Սաակաշվիլու վիճակը վատացել է: Նրա անձնական բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել նաև մեղր ու հյութ, որի մասին հայտարարել էր քրեակատարողական հիմնարկը: Նա օգտագործում է միայն ջուր: Ըստ բժշկի՝ Վրաստանի երրորդ նախագահն ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ թալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը: Նրա ախտորոշման մասին բժիշկը հայտնել է Սաակաշվիլու համաձայնությամբ: Վրաստանի արդարադատության նախարարությունը, սակայն, հերքում է նրա վիճակի վատթարացման մասին լուրերը: Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Սաակաշվիլու առողջական վիճակը բավարար է:
ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել: Նա հեռանում է, քանի որ, լրատվամիջոցների հաղորդմամբ, պետական բյուջեի փողով սեփական փիառն էր կազմակերպել: Սկսվել է հետաքննություն: Ավստրիացի ցուցարարները արդեն մի քանի օր է՝ պահանջում էին նրա հրաժարականը: Կուրցը հայտարարել է, որ լավ էր կատարում իր աշխատանքը և դեռ կարող էր այդպես գործել: Կուրցին կանցլերի պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Շալլենբերգը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ավստրիայի արտգործնախարարի պաշտոնը:
ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է երկրի վարչապետի և քաղաքական շարժումներից մեկի առաջնորդ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո: Նրան տեղափոխել են Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ըստ Զեմանի բուժող բժշկի՝ դա տեղի է ունեցել քրոնիկ հիվանդության պատճառով առաջացած բարդությունների հետևանքով: Զեմանի որոշումից է կախված, թե ընտրություններում հաղթողներից ում է վստահվելու կառավարության ձևավորումը:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա։
Հոկտեմբերի 11-13-ը Նուլանդը կհանդիպի մի շարք բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելով երկկողմ հարաբերություններին, նաև տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական օրակարգին վերաբերող խնդիրները»,- հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարությունը: Մինչև այժմ Նուլանդը չէր կարող մուտք գործել Ռուսաստան՝ այնտեղ նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: «Ռոյթըրզի» փոխանցմամբ՝ Նուլանդի այցը հնարավոր է դարձել, երբ Վաշինգտոնն իր սահմանած անհատական պատժամիջոցների ցանկից հեռացրել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, ինչին ի պատասխան՝ Մոսկվան Նուլանդի անունը հեռացրել է պատժամիջոցների տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների ցանկից։