Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները:
«Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին:
Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:
Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։