Բաթումում՝ լրագրողների հետ զրույցում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան կատարած այցը գնահատել է հաջողված: Նա ընդգծել է, որ Վրաստանը տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ է նախաձեռնում, որի շրջանակում 3 երկրները կկարողանան սերտորեն համագործակցել, և Թբիլիսին մեծ դերակատարում կունենա այդ գործընթացում:
«Մենք արդեն միջնորդության հաջող նախադեպ ենք ունեցել հունիսին, երբ իմ անմիջական ջանքերով և, բնականաբար, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համաձայնությամբ, մեզ հաջողվեց ազատ արձակել բանտարկյալներին, ինչպես նաև քարտեզներ փոխանցել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ: Քննարկման հիմնական թեմաներից մեկը մեր համագործակցությունն էր տարածաշրջանում՝ տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանն ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև»,- ասել է վարչապետը:
*****
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների տեղաշարժի խոչընդոտման փաստին՝ կարևորելով այլընտրանքային ուղիների առկայությունը: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի տարածքով իրանական ապրանքների փոխադրումը մշտապես խնդիրներով է ուղեկցվել, որոնք ձմռան ամիսներին ավելի են շատացել: Հաշվի առնելով այդ խնդիրը և քաղաքական հարցերը՝ մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանին փոխարինող տարբերակները և երկու երթուղու վրա ենք կանգ առել: Երթուղիներից մեկն սկսվում է Հայաստանի տարածքից և Վրաստանով հասնում Ռուսաստան, այն պատրաստ կլինի մեկ ամսից, իսկ մյուսն անցնում է Կասպից ծովով»:
*****
Իրանի հետ բանակցությունները որոշիչ փուլում են՝ Իսրայելում հայտարարել է Գերմանիայի՝ պաշտոնից հեռացող կանցլեր Անգելա Մերկելը։ «Ըստ իս, այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շրջանակում, թեև կատարյալ չէին, սակայն օգտակար էին։ Հետագայում ամերիկյան կառավարությունը, Իսրայելի իշխանության աջակցությամբ, կասկածի տակ դրեց համաձայնագրի կատարումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով փաստաթղթի թույլ կողմերի վրա։ Մենք այժմ միասնական դիրքորոշում ունենք՝ հարկավոր է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը»,- հայտարարել է Մերկելը՝ նշելով, որ առաջիկայում մեկնարկող բանակցությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։
*****
Լիբանանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 10-ին վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն այն բանից հետո, երբ զինվորականները վառելիք են մատակարարել երկրի երկու հիմնական էլեկտրակայանների համար։ Հայտարարել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Վալիդ Ֆայադը: Վառելիքի բացակայության պատճառով Լիբանանը մի քանի օր մնացել էր առանց էլեկտրականության:
*****
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր բանակցություններ են անցկացրել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Նախարարների հանդիպումն ընթացել է Չմիավորման շարժման՝ Բելգրադում ընթացող գագաթնաժողովի շրջանակում։ «Հանդիպման սկզբում կողմերը խնդրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին լքել սրահը: Լավրովի և Չավուշօղլուի հանդիպման մասին նախապես որևէ տեղեկություն չէր հաղորդվել:
*****
Հացադուլի տասներորդ օրը Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը վատացել է: Նրա անձնական բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել նաև մեղր ու հյութ, որի մասին հայտարարել էր քրեակատարողական հիմնարկը: Նա օգտագործում է միայն ջուր: Ըստ բժշկի՝ Վրաստանի երրորդ նախագահն ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ տալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը: Նրա ախտորոշման մասին բժիշկը հայտնել է Սաակաշվիլիի համաձայնությամբ: Վրաստանի արդարադատության նախարարությունը, սակայն, հերքում է նրա վիճակի վատթարացման մասին լուրը: Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է: Երկրի վարչապետն էլ վերահաստատել է, որ նրան չեն պատրաստվում արտահանձնել Ուկրաինային, թեև Կիևն այդ հարցով չի էլ դիմել:
*****
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել: Նա հեռանում է, քանի որ, լրատվամիջոցների հաղորդմամբ, պետական բյուջեի փողով սեփական փիառն էր կազմակերպել: Սկսվել է հետաքննություն: Ավստրիական դատախազությունը պնդում է, որ 2016-2018 թթ. Կուրցի թիմակիցները բյուջեից ֆինանսավորել են իշխող «Ժողովրդական» կուսակցության գովազդային արշավը։ Կուրցը հայտարարել է, որ լավ էր կատարում իր աշխատանքը և դեռ կարող էր այդպես գործել: Կուրցին կանցլերի պաշտոնում կփոխարինի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը: Նրա երդմնակալությունն արդեն տեղի է ունեցել: