Ամեն տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթին նշվում է որպես ճարտարապետի միջազգային օր: Այս տարի մեկ շաբաթ ուշ, բայց ճարտարապետների օրը նշվում է ըստ արժանվույն: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր վաստակավոր ճարտարապետի կոչումը փոխանցեց ոլորտի երեք ներկայացուցչի:
Մկրտիչ Մինասյան, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ - Աշոտ Կանայանը, Ստեփան Լազարյանը և Արտյոմ Գրիգորյանն այսօր ստացան իրենց պարգևները՝ երկարատև և բովանդակալից աշխատանքի համար:
Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին պարգևատրում է ճարտարապետական առանձին գործերի ու նվաճումների համար՝ շնորհելով «Տրդատ ճարտարապետ» և «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալները:
Նունե Պետրոսյան. ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ - Պարբերաբար գնահատելով ճարտարապետների ունեցած ներդրումը տվյալ բնագավառում՝ ոլորտի առավել ականավոր գործիչներին տրվում են տարբեր պարգևներ:
Այսօր իրենց ավանդի համար պարգևատրվեց 9 ճարտարապետ, նրանք, ովքեր ոլորտում առաջին քայլերն են անում, ստացան շնորհակալագրեր: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 3 պրոֆեսոր պարգևատրվեց ճարտարապետական ժառանգության պահպանության, հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար: Նրանցից էր ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանը:
Ճարտարապետների միության նախագահը նշում է՝ թե՛ բազմամյա փորձ ունեցող, թե՛ երիտասարդ մասնագետների համար հաճելի է պետության կողմից գնահատված լինելը: