Սյունիքի մարզում վերջին 3 տարում անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային ճանապարհաշինական աշխատանքներն են իրականացվում: Օրինակներից ամենաթարմը Տաթև-Սյունիք 43 կմ-անոց ռազմավարական կարևորագույն նշանակության ճանապարհահատվածն է: Շինարարությունը 3 մասի է բաժանված՝ առաջինը Տաթևից մինչև Աղվանի ձգվող 12.5 կմ երկարությամբ հատվածն է, երկրորդ և ամենաերկար՝ 17.5 կմ երկարությամբ հատվածն անցնում է Տանձավեր, Վերին Խոտանան բնակավայրերով, երրորդ՝ 13 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհը միացնում է Մ2 միջպետական մայրուղուն: Արագ ու որակյալ կառուցված ռազմավարական ճանապարհ ունենալու համարը պետությունը 5.25 մլրդ դրամ է ներդրել:
2021-ի նոյեմբերի 30-ը ճանապարհի հիմնանորոգման վերջնաժամկետն է: Եթե դիտարկենք նախորդ 3 տարիները, ապա 2018-ին պետական միջոցներով Սյունիքում կառուցվել կամ նորոգվել է 19.7 կմ ճանապարհ՝ 3 մլրդ 13 մլն դրամ արժեքով, 2019-ին՝ 73.2 կմ, արժեքը՝ 5 մլրդ 463 մլն դրամ, 2020-ին 37.6 կմ նորոգված ու կառուցված ճանապարհների արժեքը կազմել է 5 մլրդ 73 մլն դրամ: 2021-ին արդեն իսկ ավարտվել կամ դեռ շինարարության փուլում է 168.2 կմ ճանապարհ՝ ընդհանուր արժեքը 22 մլրդ 316 մլն դրամ է, որից 8.5 մլրդ դրամի աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:
Հայաստանի բյուջեն ճանապարհաշինության միակ աղբյուրը չէ, ճանապարհներ են նորոգվում նաև սուբվենցիոն ծրագրերով: Սյունիքի մարզում 2019-2021 թվականներին բնակավայրի ճանապարհների, փողոցների և մայթերի նորոգման ու վերանորոգման ծրագրեր են իրականացվել Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի և Գորայք համայնքներում: Արժեքը 3 մլրդ 950 մլն դրամ է, որից 2 մլրդ 350 մլն դրամը պետական մասնաբաժինն է:
Սա մի մասն է 61 սուբվենցիոն ծրագրերի, որոնք 2019-ից սկսած իրականացվել են հարավային մարզում: Ծրագրերի ընդհանուր արժեքը 9 մլրդ 599 մլն դրամ է, որից 5 մլրդ 828 մլն-ը պետության մասնաբաժինն է:
Սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքներում: Այս գումարներով տարբեր բնակավայրերում թարմացվել ու հիմնվել են պուրակներ ու զբոսայգիներ, նորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ ու վերելակներ, անցկացվել է փողոցային լուսավորություն, վերա և հիմնանորոգվել են հասարակական շենքեր, մանկապարտեզներ՝ այդ թվում գույքի արդիականացմամբ, 3 համայնք մեքենասարքավորումներ է ձեռք բերել, կառուցվել են ոռոգման համակարգեր ու ջրավազաններ, բարելավվել են ջրամատակարարման և ջրահեռացման ցանցեր:
Սյունիքի մարզի համար այս տարի հաստատվեց ևս մեկ ծրագիր: Եվրամիության աջակցության փաթեթից 2.6 մլրդ եվրոյից 80 մլն եվրոն հարավային մարզի դիմադրողականության բարձրացման ու սոցիալ-տնտեսական վերականգնման համար է: Պատասխանատուները վստահեցնում են՝ շատ հարցեր են լուծելու՝ օրինակ սահմանային գյուղերի արոտավայրերի խնդիրը, իրականացնելու են տնտեսությունը զարգացնող ծրագրեր՝ զբոսաշրջությունից ու վերականգնվող էներգետիկայից մինչև գյուղատնտեսություն ու բիզնես: Գումար կհատկացվի միջհամայնքային ճանապարհների կառուցման, խմելու ջրի համակարգերի արդիականացման, բնակարանաշինության ծրագրերի համար: Կլուծեն նաև չգազիֆիկացված համայնքների դպրոցների էներգամատկարարման հարցը:
Սյունիքը ներառող ուղենիշներից է նաև Հյուսիս-հարավ միջանցքի ծրագիրը, որի համար ԵՄ փաթեթից 600 մլն եվրո կհատկացվի: Մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածը լինելու է ամբողջովին նոր ուղեծիր, երկարությունը մոտ 60 կմ է, ունենալու է 9 թունել և մի քանի կամուրջ, շրջանցելու է ներկայիս Մ2-ի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածները: Ճանապարհահատվածի բյուջեն կհաստատվի միայն մրցույթից հետո, շինարարությունը կտևի 6 տարի: Արդեն հաստատված է Քաջարան-ՖՍ Ագարակ հատվածի բյուջեն՝ 184 մլն 700 հազար դոլար, որից 150 մլն-ը վարկային միջոցներ են, 34 մլն 700 հազար դոլարը՝ պետության:
Շուռնուխում տունը կորցած ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում, որտեղ 170 քմ մակերեսով 13 տուն կլինի: Շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: Թաղամասում կառուցվելու է խելացի անասնագոմ, սպանդանոց, պուրակ և այգի: Նախատեվում է նաև կառուցել ուղղաթիռի վայրէջքի կայանատեղի: Փետրվարին կառավարությունը թաղամասի կառուցման համար 470 մլն դրամ է հատկացրել:
Սյունիքում խնդիրները վերհանելու, հանրային պահանջներն ու կյանքի որակը բարձրացնելու համար ապրիլին ու սեպտեմբերին Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբին 1.5 մլրդ դրամ է հատկացվել: Առաջին 500 մլն դրամի գերթե կեսը հատկացվել է անվտանգային ոլորտին, 25 տոկոսից ավելին՝ գյուղոլորտին, Սյունիքում սա հիմնական զբաղմունքն է: Սահմանամերձ գյուղերին սկսել են փոքր ու միջին տեխնիկայով ապահովել, որ մարդիկ կարողանան հնձել, հարթեցնել, վարել ու ցանել բարդ ռելիեֆներում:
Ռոբերտ Ղուկասյան, Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար - Կապանի գյուղերին սկսել են տրամադրվել տրակտորներ, ինչպես նաև հակավորող սարքեր, դրանց կցամասերը մոտ օրերս կտրամադրվեն: Դրան զուգահեռ՝ պետք է ստեղծենք համայնքային տնկարաններ, սելեկցիոն կայաններ, որպեսզի տեղական ճշգրիտ սորտերը ցանվեն իրենց դաշտերում, և ուղղությունը կտանենք դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն, դեպի այգեգործություն: Այս մասով բավական խոշոր ծրագիր ենք իրականացրել:
Մի շարք համայնքներում կատարման տարբեր փուլերում են գտնվում խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման ծրագրերը: Խնդիրը հատկապես խորքային է Մեղրիում, որտեղ այգեգործությունը զարգացած է, բայց ջուրը սուղ է: Աշխատանքային խմբի ծրագրերի համաձայն՝ Մեղրիում ջրի խնդիրը գարնանը լուծված կլինի:
Կառավարության հատկացրած գումարներից բաժին է հասել նաև իրավապահ մարմիններին: Բնակիչների խնդրանքով, Սյունիքի ճանապարհներին գործում է պարեկային ծառայություն, ինչի համար ձեռք է բերվել 10 մեքենա: Մի շարք գյուղերում տեղադրվել են արևային տաքացուցիչներ՝ քանի որ բնակավայրերը գազիֆիկացված չեն, տաք ջուրն էլ անհասանելի է:
Սյունիքի մարզի Եղվարդ ու Դավիթ Բեկ գյուղերում զարգացման կենտրոններ են ստեղծվում, որտեղ գյուղացիներին կտրամադրեն խորհրդատվություն, կօգնեն աշխատանքի տեղավորվել, կաջակցեն ուսուցման հարցում: Նմանատիպ կենտրոններ են նախատեսում բացել նաև Սյունիք, Ծավ, Խոտ և Քարաշեն բնակավայրերում:
Աշխատանքային խումբը զբաղվում է նաև գյուղերում զբաղվածության հարցի լուծմամբ: Շիկահող գյուղում կարի արտադրամաս է հիմնվել, որը 15 մշտական աշխատատեղ կունենա: Աշխատանքային խումբը կհոգա նաև արտադրամասի՝ առաջին տարվա ծախսերը: Այսպես փորձում են լուծել ևս մեկ թիրախային խնդիր՝ պահպանել երիտասարդության կապը գյուղի հետ:
Երկրորդ հատկացումն արդեն 1 մլրդ դրամ է: Միջգերատեսչական աշխատանքային խմբի վերջին նիստում 50-ից ավելի ծրագիր է հաստատվել, որոնց մեծ մասն անվտանգային միջավայրին է վերաբերում: Գերակշռող մյուս ճյուղը ջեռուցմանն է վերաբերում:
Ռոբերտ Ղուկասյան - Խնձորեսկի դպրոցի ջեռուցումն է, Տեղ գյուղի երկրորդ դպրոցի ջեռուման ծրագիրը, Շինուհայրի մանկապարտեզի ջեռուցումը: Այսինքն՝ այս փուլում գնալու ենք ավելի ձմռանը նախապատրաստվելու ուղղությամբ:
Արմեն Խաչատրյան, Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ - Անընդունելի եմ համարում, որ Գորիսում կան դպրոցներ ու մանկապարտեզներ, որ փայտով են ջեռուցվում, սա ընդունելի չէ այսօրվա պայմանների համար, և այդ հարցը ևս պետք է հրատապ լուծվի:
Նոր հատկացումից հետո արդեն հաստատված ծրագրերից մեկով Գորիսի Բարձրավան գյուղի տները նորոգված ու միանման տանիքներ կունենան: Սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշում է՝ նպատակ կա գյուղը տուրիստական կենտրոն դարձնել:
Արմեն Խաչատրյան - Բոլոր այն ենթակառուցվածքները, որ պետք է առկա լինեն այդ գյուղում, լինելու են: Ներքին Խնձորեսկում նույնպես ունենք 7 կմ ճանապարհ, որը 40 տարի որևէ անգամ չի հիմնանորոգվել: Բնակիչների դժգոհությունն ավելի քան արդարացի է:
1 մլրդ-ից հատկացում կլինի նաև արոտավայրերի խնդիրը լուծելու համար՝ կանաչին տանող ճանապարհները կնորոգվեն, ջրարբիացման խնդիրը կլուծեն: Այս ծրագրերի իրականացումից հետո, մեկ միլիարդի մնացորդը կծախսվի նախագծանախահաշվարկային աշխատանքների համար, որ ԵՄ հատկացված աջակցությունը նպատակային ծախսվի: Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հատկացված գումարը փուլ առ փուլ է փոխանցվելու, առաջին 200 մլն դրամը կառավարությունն արդեն հաստատել է:
Էդգար Մարտիրոսյան, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար - 200 մլն գումարով նախատեսում ենք Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համար նոր ջրագիծ կառուցել, ինչպես նաև մի շարք ծրագրեր իրականացնել, որոնք վերաբերում են մարզի անվտանգային համակարգի բարելավմանը:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրեն պատկանող 60 տոկոսից 25-ը, որով կառավարությունը դառնում է կոմբինատի ընդհանուր կապիտալի 15 տոկոսի սեփականատերը: Նախնական քննարկում է եղել նաև պղնձաձուլարանի կառուցման մասին: Հաշվի առնելով, որ Հայաստանի ամենամեծ մետաղական հանքը Սյունիքում է, ենթադրվում է, որ պղնձաձուլարանը ևս կառուցվելու է Սյունիքում՝ այդպիսով աշխուժացնելով մարզի տնտեսությունը: Ժամկետների և անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին քննարկումերի մանրամանսերը դեռ չեն հրապարակվել:
Սյունիքում խնդիրները շատ են, բայց կառավարությունը փորձում է դրանք քայլ առ քայլ լուծել՝ հավաստիացնում են պատասխանատուները: Աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև հարավային դարպասն անվտանգ ու պաշտպանված լինի, տնտեսական հիմնական խնդիրները՝ լուծված: