Լավ է՝ անսարքությունն ի հայտ եկավ կանչն ավարտելուց հետո: Պատահել է՝ հիվանդը ներսում՝ շտապօգնության մեքենան խափանվել-մնացել է կես ճանապարհին:
Զորիկ Խլղաթյան (վարորդ) - Պատահել է, բայց շատ արագ վերականգնել ենք:
Պատահել է, որ շտապօգնությունն այնքան է ուշացել՝ հարազատները հիվանդին տեղափոխել են տաքսիով կամ իրենց մեքենայով:
Էմիլյա Մարտիրոսյան (Հայթաղ գյուղի բնակիչ) - Հայթաղ գյուղից ենք ահազանգել, մեքենա չեն ունեցել, ասել են՝ սպասեք, մեզ մոտ էլ շտապ դեպք էր, պետք էր տեղափոխել;
Գոռ Ասատրյան («Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն) - Դժգոհությունների մասին լսել եմ, հիմա միջոցներ են ձեռնարկվում 3-րդ բրիգադն ունենալու համար:
Հոգևոր մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը մեքենաների կարիք ունի: Ունեցած մեքենաներն այնքան են մաշվել, որ շահագործման համար դարձել են վտանգավոր:
Շտապօգնության թիմը թեև ջանում է արագ արձաքանքել կանչերին, բայց ոչ սարքին մեքենաներով Էջմիածնի ու հարակից 43 գյուղի բնակիչներին որակյալ ծառայություն մատուցել չի հաջողվում:
Հռիփսիմե Վարդապետյան (Էջմիածնի շտապօգնության բաժանմունքի վարիչ) - Աամբողջ բնակչությանը հասցնում ենք սպասարկել երկու մեքենայով:
Երկու շտապօգնության մեքենա՝ մոտ 120 հազար բնակչի համար: Պատահում է, որ մեքենաների խափանման պատճառով բոլոր կանչերին արձագանքել չեն կարողանում: Վարորդները, ստիպված, կարճ ժամանակով ավտոմեխանիկ են դառնում և փորձում ինքնուրույն վերացնել անսարքությունները:
Եթե մինչև համավարակը երկու բրիգադով աշխատել ինչ-որ կերպ հաջողվում էր, կորոնավիրուսով պայմանավորված՝ հասցնելն ուղղակի անհնար է դառնում: Իսկ եթե այնպես է պատահում, որ վարակակիրներ են ունենում, որոնց պետք է շտապ Քովիդ կենտրոններ տեղափոխեն, քաղաքն ու գյուղերը մնում են մեկ բիրգադի և մեկ մեքենայի հույսին:
Գոռ Ասատրյան - Կախված, թե որ ուղղությամբ կտեղափոխվեն այդ պացիենտները, լինում է, որ կանչը տևում է երկու ժամից ավելի, ունենում ենք խնդիր, որ շտապօգնությունը կազմակերպվում է մեկ մեքենայով:
Եթե նոր բրիգադ ավելանա, ևս մեկ շտապօգնության մեքենայի անհրաժեշտություն կառաջանա: Բուժհաստատության ղեկավարի խոսքով՝ իրենց ավտոտնակում երկու մեքենա կա, բայց սարքին չեն:
Կամ ավտոպահեստամասերը չեն ճարվում, կամ էլ լինելու դեպքում շատ թանկ են: Իսկ հին մեքենայի վրա մեծ ծախսեր անելը չի արդարացնում սպասելիքները: