Սերբիան հույս ունի ռուսական գազ գնել Եվրոպայում լավագույն գնով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նա ժամանել է Մոսկվա և հանդիպել ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ՝ տեղեկացնում է Euronews-ը:
Ի թիվս այլ թեմաների՝ քաղաքական գործիչները քննարկել են Սերբիայի տարածքով վերջերս գործարկված «Թուրքական հոսքի» մասնաճյուղին և Եվրոպայում գազի գների կտրուկ աճին վերաբերող հարցերը: Վուչիչը չի թաքցրել, որ Մոսկվա այցի նպատակն է խնդրել Ռուսաստանի իշխանությանը՝ Սերբիային գազը վաճառել ամենաբարենպաստ գնով:
Ինչպես Մոսկվան, այնպես էլ Բելգրադը կարծում են, որ ԵՄ-ում էներգետիկ ճգնաժամը երկար կտևի, և դրա պատճառներն են Բրյուսելի անհեռատես «կանաչ» քաղաքականությունն ու քաղաքական պատճառներով Ռուսաստանի հետ երկարաժամկետ գազային պայմանագրերի մերժումը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ չի բացառվում, որ Եվրոպան ստիպված լինի պայմանավորվածից ավելի շատ ռուսական գազ խնդրել: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը El Pais թերթի հետ հարցազրույցում:
Այն հարցին, թե արդյոք Մոսկվան ճնշո՞ւմ է գործադրում ԵՄ-ի վրա «Հյուսիսային հոսք-2» գազատարի միջոցով, դիվանագետը հայտարարել է, որ ռուսական կողմն իսկապես նախագիծն օգտագործում է իր նպատակների համար: Բորելը նաև խոստովանել է, որ ԵՄ երկրները դեռևս ռուսական գազի կարիքն ունեն: