Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքով:
Թե ինչ խախտման մասին է խոսքը՝ հայտնի չէ. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը քննվել է դռնփակ:
Ռաֆիկ Մելքոնյանը դատավոր էր 2006 թվականից: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որն այսօր մասնակցում էր որոշման հրապարակմանը, լրագրողների հետ զրույցում ասել է՝ այս պահին ուսումնասիրում են դատավորների հետ կապված մոտ 200 բողոք:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան - Եվս մեկ անգամ Բարձրագույն դատական խորհուրդը ապացուցեց, որ գտնվում է իրավաբանության և իրավագիտության բարձունքում, և ցույց տվեց, որ վեթինգի մասին հանրության սպասումներն աստիճանաբար արդարանում են:
Կարգապահական վարույթների հարուցումը և դրա հետ կապված այդ ամբողջ գործընթացը հենց այն սահմանադրական գործընթացն է, որը թույլ է տալիս հանրային սպասումները արդարացնել, այսինքն՝ զտել օրինական որոշումներ կայացրած դատավորներին ապօրինի որոշումներ կամ խախտումներ թույլ տված դատավորներից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան