Շիրակի մարզում բնակարանային գողության դեպքերը նվազել են, ավտովթարների թիվն ավելացել։ Պակասել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների դեպքերը, ինչը մարզի դատախազությունում պայմանավորում են կառույցի արդյունավետ աշխատանքով։
Դատախազության կողմից մի քանի ուղղություններով իրականացվում են պետական միջոցների օգտագործման ուսումնասիրություններ, մասնավորպես, Սև Բերդ ամրոցի հարակից հողատարածքների, «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի ցածր գնով օտարման վերաբերյալ։
Ապօրինի գույքի բռնագանձման մասով Շիրակի մարզի դատախազությունը մեկ փաթեթ է ունեցել, որը ներկայացվել է գլխավոր դատախազություն։ Թե ում մասին է խոսքը՝ դատախազ Գուրգեն Գրիգորյանը չմանրամասնեց:
Ծավալուն և աղմկոտ է հատկապես Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ քրեական գործը, սակայն մինչև այսօր հայտնի չէ նրա պատճառած վնասի չափը։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։
Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ, կեղծելով պաշտոնեական փատաթղթեր, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի աճուրդ-վաճառք է կազմակերպել և օտարել դրանք։ Երբեմն էլ լինելով աճուրդային հանձնաժողովի նախագահ՝ անձամբ մասնակցել է հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող՝ հողամասեր է օտարել ինքն իրեն։
Վաղեմության ժամկետ կոչվածն այս գործերի վրա չի տարածվում՝ հատուկ ընդգծեց Գրիգորյանը։ Առանձին անդրադարձավ նաև Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ քրեական գործին։ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր օգոստոսի 19-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, օգոստոսի 20-ին մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Տեղեկություն կա՞ Սպարտակ Ղուկասյանը Հայաստանի տարածքում է, թե հասցրել է լքել երկիրը հարցին Գրիգորյանը պատասխանեց՝ նա Հայաստանում է:
Գրիգորյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 17-ին Գյումրիում սպասվող ՏԻմ ընտրություններին, ասաց, որ ընտրություններից առաջ և ընտրության օրը Շիրակի մարզի դատախազությունն ուշադրությամբ հետևելու է ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր ահազանգերին, բոլոր հրապարակումներն ու բարձրաձայնումներն ընդունվելու են որպես հաղորդում՝ հանցագործության մասին, տրվելու է համաչափ իրավական գնահատական։