Եվրամիության տասը պետություն հանդես են եկել ատոմային էներգիայի զարգացման օգտին, քանի որ դրանում են տեսնում Եվրոպայում գազային ճգնաժամի լուծումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Le Figaro-ում տպագրված հոդվածը:
Նախաձեռնությանն աջակցել են Ֆրանսիան, Ռումինիան, Չեխիան, Ֆինլանդիան, Սլովակիան, Խորվաթիան, Սլովենիան, Բուլղարիան, Լեհաստանն ու Հունգարիան:
Այդ երկրների ղեկավարները վստահ են, որ միջուկային էներգիան կպաշտպանի եվրոպացի սպառողներին էներգիայի գների անկայունությունից, որը «նկատվում է գազի պատճառով»:
Նրանք անհրաժեշտ են համարել դիտարկել CO2-ի ցածր արտանետումով էներգիայի արտադրության բոլոր տեխնոլոգիաները, միջուկային էներգիան ճանաչել որպես «կանաչ» արդյունաբերություն մինչև 2021 թվականի վերջը, քանի որ այն «կարևոր դեր է խաղում կլիմայի պաշտպանության գործում»:
Եվրոպացի առաջնորդները վստահեցնում են, որ խաղաղ ատոմը, կայունություն ապահովելուց բացի, ամրապնդում է Եվրոպայի անկախությունն էներգետիկ ոլորտում: Ատոմակայանները նաև ստեղծում են մոտ մեկ միլիոն աշխատատեղ և արագացնում եվրոպական արդյունաբերական զարգացումը: